Անվտանգության երաշխիքներ կան, բայց սիրիահայերը դեռ մտահոգված են. Ալեքսանյան
Սիրիահայ համայնքի ներկայացուցիչների շրջանում անհանգստությունը պահպանվում է՝ չնայած երկրի նոր ղեկավարության հետ հանդիպմանը, որի ընթացքում տրվել են անվտանգության երաշխիքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը:
«Երկու օր առաջ տեղի է ունեցել հայ և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների հանդիպումը Սիրիայի նոր ղեկավարության հետ, և այդ հանդիպման ժամանակ նրանց անվտանգության երաշխիքներ են տրվել։ Սակայն մտահոգությունը դեռ պահպանվում է»,– նշեց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին 20 ընտանիք է կարողացել Բեյրութով տեղափոխվել Հայաստան։ Նրանցից շատերն արդեն աշխատանքի են տեղավորվել, իսկ ոմանց ֆինանսական օգնություն է ցուցաբերվել։