ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անկարան կոշտ է արձագանքել Թուրքիայում մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի զեկույցին

Անկարան կոշտ է արձագանքել Թուրքիայում մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի զեկույցին

Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից կազմած Մարդու իրավունքների մասին զեկույցում Թուրքիային առնչվող գնահատականները: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ նշվել է, որ ինչպես այս թեմայով ԱՄՆ-ի նախկին զեկույցներին, այս զեկույցին ի պատասխան թուրքական կողմը հայտարարում է, որ երկրում առկա է բավարար կամք մարդու իրավունքների պաշտպանության ու զարգացման ուղղությամբ: 

Ավելին, Անկարան Վաշինգտոնին կոչ է արել մարդու իրավունքների հարցում կենտրոնանալ հենց ԱՄՆ-ում տիրող իրավիճակի վրա և վերջ դնել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ մեկ այլ ահաբեկչական կազմակերպության շոշափուկների (նկատի է առնվում Սիրիայի քրդական կազմակերպություններին, որոնց Անկարան համարում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ճյուղավորումներ) հետ համագործակցությանը: 

Նշենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության հրապարակած զեկույցում նշվել էր Թուրքիայիում տեղի ունեցող մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասին: 

Հիշատակվել էին Թուրքիայի Բողազըջը համալսարանում 2021 թ. տեղի ունեցած բողոքի ակցիաները և դրան հաջորդած մասսայական ձերբակալությունները:

Նշվել է, որ առ այսօր կալանավորված է մնում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք իրավապաշտպան Օսման Քավալան, Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ինչպես նաև այլ ընդդիմադիր գործիչներ:

Զեկույցում խոսվել էր Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության վատթար վիճակի, մասնավորապես մի շարք անկա լրագրողների ձերբակալությունների ու խոսքի ազատության սահմանափակումների մասին։

  • Կիսվել: