Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. Փաշինյան
Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: Այս մասին այսօր տեսաուղերձում ներկայացնելով Իրական Հայաստան գաղափարախոսության դրույթները՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է ժողովրդի համար, բայց այս նպատակին առավել արդյունավետ ծառայելու համար պետությունը պետք է լինի հնարավորինս անկախ: Փոխինտեգրված և գնալով ավելի փոխինտեգրվող աշխարհում անկախությունը ոչ միայն բացարձակ չէ, այլև երբեք չի եղել բացարձակ, որովհետև պետություններն այսպես թե այնպես կախված են այլ պետություններից:
Հետևաբար, անկախ եղել են, կան և կլինեն այն պետությունները, որոնք կախված են ոչ թե քչերից, այլ շատերից: Հետևաբար, անկախության ռազմավարությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելու ռազմավարությունն է: Եթե պետությունն արդեն կախված է շատերից, ուրեմն պետք է խնդիր ունենա կախված լինել ավելի շատերից:
Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության նպատակը նույնիսկ շատերից կախվածության մեջ անհամաչափություններ թույլ չտալն է: Սա նշանակում է ոչ թե բոլորից հավասար կախված լինել, այլ մեկից կախվածությունը հավասարակշռել մյուսից կախվածությամբ, բայց այդ հարաբերության մեջ երբեք չլինել ստատիկ: Բալանսավորումն անընդհատ գործընթաց է, որի անհրաժեշտությունը գնահատվում է պարբերաբար՛՛,-նշեց նա: