շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՆԻՖ-ը և «Մասդար»-ը պլանավորում են Հայաստանում ևս մեկ 200 Մվտ հզորությամբ արևային կայանի կառուցման առաջարկ անել

ԱՆԻՖ-ը և «Մասդար»-ը պլանավորում են Հայաստանում ևս մեկ 200 Մվտ հզորությամբ արևային կայանի կառուցման առաջարկ անել

Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդը (ԱՆԻՖ) և արաբական «Մասդար» ընկերությունը պլանավորում են աշնանն առաջարկել Դաշտադեմում և Թալինում 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցմանը զուգահեռ նույն հզորությամբ ևս մեկ կայանի ներդրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը:

«Մենք՝ «Մասդար»-ի և ԱՆԻՖ-ի թիմը, աշնանը ևս 200 Մվտ-ի կառուցման առաջարկ ենք ներկայացնելու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Դա ամենայն հավանականությամբ կլինի էլ ավելի էժան սակագնով, քան այս պայմանագրով է ֆիքսվել  (նկատի ունի Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում կառուցվելիք 200 Մվտ հզորությամբ կայանի պայմանագիրը-խմբ.)»,-ասաց Փափազյանն ու պարզաբանեց՝ այսինքն 2.99 ցենտից էժան:

Ֆոնդի տնօրենը հիշեցրեց, որ փոփոխություններ են արվել Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում: «Եթե օրենքը նախկինում շատ բարդ էր, և իմ անձնական կարծիքով թափանցիկ պատ էր հանդիսանում ՀՀ-ում այս ֆորմատով ներդրումներ անելու համար, ապա վերջերս ընդունված փոփոխությունները հնարավորություն են տալիս երկկողմանի բանակցություններով այս մասշտաբի ծրագրեր իրականացնել»,-ասաց Փափազյանը:

Նոր 200 Մվտ հզորությամբ կայանի տեղն արդեն պլանավորել են, այն կլինի Արագածոտնից ոչ հեռու, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդում: Հողատարածքը կրկին կլինի համայնքային, տեղանքը այլ, գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար՝ ոչ բարենպաստ: Այդ տարածքում արևային ճառագայթումը ևս բավականին բարձր է: 

Եթե ծրագիրը հաստատվի, ապա Դաշտադեմում և Թալինում կայանի պատրաստ լինելուց 1 տարի անց էլ կսկսի երկրորդ 200 Մվտ հզորությամբ կայանը գործել: Ինչ վերաբերում է Դաշտադեմում և Թալինում կառուցվելիք արևային կայանին, ապա Փափազյանն ասաց. «Նախատեսվում է, որ 2024-ի հոկտեմբերին էլեկտրականության լիարժեք վաճառք լինի, իսկ երկրորդ 200 Մվտ հզորությամբ կայանը կլինի դրանից 12 ամիս հետո, այսինքն՝ 2025-ի հոկտեմբերին»:

  • Կիսվել: