Անհրաժեշտ է տրանսպորտային համակարգ, որը եկամուտներ կգեներացնի. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը հավանություն տվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Նախնական գնահատմամբ՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո: Առաջին փուլում ձեռք կբերվեն 12 մետրանոց 100 ցածրահատակ ավտոբուսներ. առաջին փուլի ֆինանսավորման համար 25 մլն եվրո է տրամադրվելու, որից 20 մլն եվրո վարկ՝ ՎԶԵԲ-ից և 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության կողմից:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ևՎԶԵԲ-ի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկության քննարկման ժամանակ հիշատակեց տրանսպորտային ցանցը բարեփոխելու նախապատմությունը:
«Խորհրդատվական ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել Երևանի հանրային տրանսպորտի ցանցը, որի արդյունքում մշակվել է նոր տրանսպորտային ցանց, և առաջարկվել է այդ ցանցը գործարկվելու համար գնել 845 հատ տարբեր չափերի ավտոբուսներ, որպեսզի այդ նոր ցանցը կարողանա սպասարկել ամբողջ մայրաքաղաքը, և այդ ֆինանսական աջակցության շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ դեռ 2019-ից քննարկումներ են տեղի ունեցել: Ընդհանուր հաշվով, բոլոր ավտոբուսները ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո գումար. այս համաձայնագրերը վերաբերում են ընդհանուր առմամբ 25 մլն եվրոյի, որից 20 մլն-ը վարկ է, 5 մլն-ը՝ դրամաշնորհ: Խոսքը 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մասին է, կոչվում են ցածրահատակ ավտոբուսներ, որոնք բավական լավ հարմարեցված են մեր բոլոր հայրենակիցների համար: Փետրվարին մրցույթ է հայտարարվել, և մրցութային փուլում է գտնվում»,- ասաց Գնել Սանոսյանը:
«Սա Կառավարության հերթական խոշոր աջակցությունն է Երևան համայնքին, որպեսզի կարողանա տրանսպորտային ցանցի իր առջև դրված խնդիրները լուծել և ամբողջովին նոր ավտոբուսների նոր պարկով տրանսպորտային, երթուղային ցանց ունենալ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հարցը բավական երկար ժամանակ քննարկվել է:
«Իհարկե, Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկը շատ ավելին է. մոտ 700 ավտոբուսների անհրաժեշտություն կա ընդհանուր առմամբ, և, ըստ էության, այստեղ գործ ենք ունենալու նաև մասնավոր հատվածի ներգրավման հետ. ամբողջ Երևանի տրանսպորտային համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր տրանսպորտային ընկերությունների փոխգործակցությամբ և աշխատելու է միասնական տոմսային համակարգով: Այս որոշումներով մենք, իհարկե, հարցը կլուծենք միջնաժամկետում, բայց երկարաժամկետում պետք է կարողանանք արմատական լուծման հանգել»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ ավտոբուսների շահագործման ժամկետը 10 տարի է:
«Խնդիրը հետևյալն է, որ Կառավարությունը վարկը վերցնում է, միջոցներ կներդրվեն, և մենք կգնենք անհրաժեշտ քանակի ավտոբուսներ, և, ըստ էության, 10 տարի հետո պարկը թարմացնելու անհրաժեշտություն է լինելու, այսինքն՝ պետական պարտքով տրանսպորտային համակարգ աշխատեցնելու խնդիր է ծագում»,- ասաց նա՝ նշելով, որ դա, որպես մեկնարկ, ընդունելի և հասկանալի է, բայց անհրաժեշտ է համակարգ, որը որոշակի եկամուտներ գեներացնի:
«Ես առաջարկել եմ քաղաքապետարանին, որ լինեն լուծումներ, որ մենք ոչ թե ժամանակի այս կոնկրետ հատվածում խնդիր լուծած լինենք, այլ ունենանք համակարգ, որն անընդհատ աշխատի, վերարտադրվի և անհրաժեշտ ներդրումներն անհրաժեշտ ժամկետներում տեղի ունենան: Այլապես մենք 10 տարի հետո կանգնելու ենք ելման կետի վրա և ստիպված ենք լինելու որոշում կայացնել նորից նույն ճանապարհով գնալու կամ վերադառնալու «ԳԱԶելների» տրամաբանությանը: «ԳԱԶելներին» վերադարձ չի լինելու և չպետք է լինի, մենք դա դեռ 2017 թվականին ենք խոստացել, և Երևանը պետք է ունենա պատշաճ տրանսպորտային համակարգ, և, կարծում եմ, որ մեր առաջիկայում իրականացվող ծրագրերի շրջանակներում մենք պետք է հոգ տանենք, որ էլեկտրաավտոբուսների մուտք տեղի ունենա մայրաքաղաք և հետագայում՝ մեր այլ քաղաքներ: Այս ուղղությամբ մենք պետք է շարժվենք. այս որոշումը շատ կարևոր է, բավական քննարկված է, բայց չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծել ենք»,- ասաց վարչապետը:


