երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Անհնար էր, որ առանց բարձրագույն քաղաքական իշխանության պատվերի անձի նկատմամբ վարվեին այնպես, ինչպես քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ. ԱԺԲ

Անհնար էր, որ առանց բարձրագույն քաղաքական իշխանության պատվերի անձի նկատմամբ վարվեին այնպես, ինչպես քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ. ԱԺԲ

Դատապարտում ենք իրավապահ համակարգում շարունակվող բռնություններն ու շարունակական անպատժելիությունը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ԱԺԲ-ն:

«Այսօր հայտնի դարձավ, որ երեկ ձերբակալված ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվել են բռնություններ, որոնք իրենց տեսակով աննախադեպ են։

Գործող վարչախմբի կողմից կատարված անպատկերացնելի դավաճանական գործողություններով պայմանավորված՝ աննախադեպ ռեպրեսիաների ականատես եղած մեր հանրությանը ռեժիմին հաջողվեց զարմացնել ևս մի աննախադեպ ու անմարդկային գործողությամբ՝ քննիչի որոշմամբ ձերբակալված և ոստիկանական մեքենայով ՁՊՎ տեղափոխվող ձեռնաշղթայված Ս. Վարդանյանին դիմակավորված անձանց կողմից մեքենայից իջեցնելն ու նրա նկատմամբ գործի դրված բանական մարդուն ոչ հարիր կենդանական վերաբերմունքը։

Բացառված է, որ դեպքը կարող էր տեղի ունենալ միայն իրավապահների կամ տեղափոխող ոստիկանների թողտվությամբ։ Ավելին՝ անհնար էր, որ անգամ վստահության ցածր պաշար ունեցող ոստիկանները առանց բարձրագույն քաղաքական իշխանության պատվերի և ուղղակի հրահանգի կարողանային անձի նկատմամբ վարվել այնպես, ինչպես վարվել են ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարված խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը։ Նրա արժանապատվությունը նվաստացրած անձինք ու պատվիրատուները երբեք չեն ունեցել և չգիտեն, թե ինչ է արժանապատվությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ Վարդանյանին դիմակավորված անձինք քարշ տալով իջեցրել են ոստիկանական մեքենայից և խոշտանգել:

Հիշեցնենք՝ այսօր հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։

  • Կիսվել: