ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անհնար է առարկայական բանակցություններ վարել, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ. Ռուբինյան

Անհնար է առարկայական բանակցություններ վարել, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ. Ռուբինյան

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանը չէ ապակառուցողական կողմը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին:

Նրա խոսքով, Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքորոշումներով և հայտարարություններով՝ միտված խաղաղ գործընթացի ամրապնդմանը:

«Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, թե որ կողմն է ապակառուցողական և ռազմատենչ լեզու կիրառում, որ կողմն է հարձակվում մյուսի վրա և որ կողմն է տապալում կամ փորձում տապալել բանակցային գործընթացը»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե բանակցությունների պասիվությունն ինչո՞վ է պայմանավորված, պատգամավորն ասաց. «Այդ հարցին մեկ պատասխան չկա, դա համատեքստերի հանրագումար է, և այդ պատճառներով ունենք այն, ինչ ունենք»։

Ռուբեն Ռուբինյանը նշեց նաև, որ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները մշտապես անում են կատեգորիկ հայտարարություններ խաղաղ գործընթացի վերաբերյալ, իսկ Հայաստանի դիրքորոշումը տրամաբանական է՝ անհնար է առարկայական բանակցություններ վարել այնպիսի պայմաններում, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ:

«Երկրորդ՝ երբ կողմերից մեկը նախապես պայմաններ է դնում։ Օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, սա ապակառուցողական, կատեգորիկ հայտարարություն է, որն անհնար է դարձնում առարկայական քննարկումները»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը:

Նա նաև հայտնեց, որ ցանկացած հակամարտություն աշխարհում պետք է լուծվի բոլոր կողմերի ժողովուրդների համաձայնությամբ:

«Կա՛մ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կա՛մ այս հակամարտությունը չի լուծվի»,- ասաց Ռուբինյանը:

  • Կիսվել: