Քաղաքական պատասխանատվությունից խուսափում․ Մակունցը՝ «Ոչ»-ի կողմից քարոզչություն չիրականացնելու մասին
«Ոչ» քարոզչական կողմից՝ քարոզարշավ չիրականացնելը, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունից խուսափում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ իրենք մասնակի՞ց են, թե ոչ: Ինձ համար հարցն այլ դաշտում է գտնվում: Քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները որևէ կերպ դիրքորոշում չեն հայտնում համապետական քաղաքական իրադարձությանը: Երկրորդ՝ չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ «Ոչ»-ի քարոզ չի իրականացվում, այնուամենայնիվ, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կամ չմասնակցելու կոչ են անում, դրանով արդեն իսկ իրականացնում են անթաքույց «ոչ»-ի քարոզարշավ: Ինձ համար մի փոքր անհասկանալի է, թե ինչու այդ պարագայում քաղաքական պատասխանատվություն չի ստանձնվում և չի իրականացվում քարոզարշավ»,-ասաց Մակունցը։
Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացին՝ նա նշեց, որ այն իրավական և սահմանադրական է․
«Հանրաքվեն վերաբերում է Սահմանադրության ընդամենը մեկ հոդվածին, որով նախատեսվում է փոփոխություն՝ վերականգնելու ՍԴ-ի այն մոդելը, այն ձևը, որը հաստատվել է 2015-ի սահամանադրական փոփոխություններով և, ընդ որում, հավանության է արժանացել միջազգային այն կառույցների կողմից, ում նախապես այն ուղարկվել է որոշակի եզրակացության»։