չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Անցյալի ու ներկայի հավերժ բանավեճի մեջ մենք կորցնում ենք ապագան․ Մանե Թանդիլյան

Անցյալի ու ներկայի հավերժ բանավեճի մեջ մենք կորցնում ենք ապագան․ Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը   հայտնում է, որ Մեսրոպ Առաքելյանի հետ նախաձեռնել են ստեղծել  «Ապրելու Արցախ» հիմնադրամը, որի նպատակը բացառապես լինելու է Արցախում տնտեսական զարգացման, կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Թանդիլյանի գրառման մեջ ասվում է․

«Արցախյան պատերազմից հետո Արցախի նկատմամբ հոգածությունը և այն հզորացնելու հանձնառությունը պետք է դառնա համայն հայության կարևորագույն առաքելություններից մեկը՝ Արցախը նորովի ապրեցնելու համար:
Պատերազմի ողբերգական հետևանքները, մարդկային կորուստները անվերականգնելի են, սակայն մենք պարտավոր ենք
ապրեցնել Արցախը նաև հանուն իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի:
 
Արցախի և արցախցու մասին խոսում են բոլորը, երբեմն գալիս Արցախ՝ նկարվելու, մինչդեռ անցյալի ու ներկայի հավերժ բանավեճի մեջ, մենք կորցնում ենք ապագան՝ այն նորից վերածելով ներկայի ու անցյալի միջև կործանիչ առճակատման շրջապտույտի:
Առանց ապրող Արցախի, ապրող արցախցու, քաղաքական տեքստերը չունեն որևէ արժեք: Ընդ որում, Արցախն ապրեցնելու համար պետք է նվիրում, ոչ թե պաշտոն կամ կարգավիճակ:
 
Արցախի նկատմամբ մեր հոգածությունը բազմաթիվ նվիրյալ հայրենասերների հետ փորձել ենք իրականացնել սկսած պատերազմից անմիջապես հետո՝ կարևորելով անհատական ջանքը՝
որպես համատեղ նպատակի՝ Արցախն արագ վերակենդանացնելու և ապրեցնելու հաջողության գրավական:
 
Արցախն այսօր ապրում է, ապրում է՝ ի հեճուկս շատերի: Արցախցին ապրում է` իր երեխայի որակյալ կրթության սպասումով, ավելի լավ աշխատանքի ձգտումով, ավելի ուժեղ Արցախ ունենալու երազանքով:
 
Մենք այդ նպատակների ու երազանքների կողքին ենք՝ անկախ մեր ներկայի ու ապագայի կարգավիճակների:
 
Մենք նախաձեռնում ենք «Ապրելու Արցախ» հիմնադրամի ստեղծումը, որի նպատակը բացառապես լինելու է Արցախում տնտեսական զարգացման, կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ հանուն Ապրելու Արցախի:
 
Մենք հավատում ենք, որ բազմաթիվ նվիրյալներ կմիանան մեր նախաձեռությանը՝ Արցախը դարձնելով իրենց ապրելու մի փոքր, բայց կարևոր մասը:
Նախաձեռնության մասին առավել մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում»։
 

  • Կիսվել: