շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱՆ նախարարի թեկնածու Սրբուհի Գալյանը ՔՊ թիմի մաս է. Արայիկ Հարությունյան

ԱՆ նախարարի թեկնածու Սրբուհի Գալյանը ՔՊ թիմի մաս է. Արայիկ Հարությունյան

Յուրաքանչյուր փուլի համար, այսպես ասած, ընտրությունների և թեկնածուների որոշման իրենց պահանջները կային, և դուք գիտեք, որ մենք կանգ ենք առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ քաղաքական, և, ըստ էության, քաղաքական թիմի մաս է:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Սրբուհի Գալյանի թեկնածության առաջադրումը:

«Մեր ընտրությունը կանգ է առել նրա վրա»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք խնդրահարույց չէ՞ քաղաքական թիմի ներկայացուցչին դատախազությունում պաշտոն տալը, Հարությունյանը պատասխանեց՝ եթե քաղաքական պաշտոն է զբաղեցնում, տվյալ ժամանակ լինում է քաղաքական թիմի մաս:

«Եղել է փոխնախարար, որը նույնպես քաղաքական նշանակում է»,- ասաց Հարությունյանը: 

Հարցին՝ արդյոք սկզբունքայի՞ն է եղել կին նախարարի նշանակումը, տվեց բացասական պատասխան:

«Դուք գիտեք, որ եղել է նախարարի երեք կին և երկու տղամարդ թեկնածու, և ընտրությունը նրա վրա է կանգ առել: Հաշվի են առնվել բազմաթիվ հանգամանքներ, բայց քանի որ այդ քննարկումը եղել է փակ, սրանով կսահմանափակվեմ: Կարծում եմ՝ տիկին Գալյանն իր վերջին դիրքում բավական լուրջ հաջողություններ է ունեցել ինստիտուտի կայացման առումով, և դա նույնպես հաշվի է առնվել»,- եզրափակեց խոսքը Արայիկ Հարությունյանը:

  • Կիսվել: