Ամոթ է քաղաքական իրենց առաջնորդի կատարածը, երբ ի լուր ամբողջ աշխարհի և մեր ժողովրդի ստեց․ Բադասյանը՝ Հրայր Թովմասյանին
Ամոթ է քաղաքական իրենց առաջնորդի կատարածը, երբ ի լուր ամբողջ աշխարհի և մեր ժողովրդի ստեց, որ Սահմանադրությունը չի փոխվում իր վերարտադրության համար։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը։
Նշենք, որ Հրայր Թովմասյանը հայտարարել էր՝ որպես իրավաբան և որպես Սահմանադրության հեղինակներից մեկը, պարզապես ամոթի զգացողություն ունի խորհրդարանում տեղի ունեցածի համար։
«Ես կարող եմ ասել, թե ինչն է ինձ մոտ ամոթ առաջացնում։ Ինձ մոտ ամոթ է առաջացնում, որ հնարավոր է կյանքի կոչել մի մոդել, ամրագրել այդ մոդելը, այնուհետև ընդամենը մի քանի օր առաջ նախորդ Սահմանանադրության խմբագրությամբ ընտրվել ՍԴ նախագահ, որպեսզի պաշտոնավարել այդ պաշտոնում ցմահ։ Դա իրոք ամոթ է։ Ինչպես նաև ամոթ է քաղաքական իրենց առաջնորդի կատարածը, երբ ի լուր ամբողջ աշխարհի և մեր ժողովրդի ստեց, որ Սահմանադրությունը չի փոխվում իր վերարտադրության համար։ Եվ հետո կատարվեց այն, ինչ կատարվեց»,- ասել է Բադասյանը:
Դիտարկմնաը, թե իրավական առումով նորմա՞լ է, երբ ՍԴ երեք անդամներ ու նախագահը կարող են քաղաքական մեծամասնության մեկ որոշմամբ զրկվել իրենց կարգավիճակից, Բադասյանը նշեց․
«Ես այդ հարցին հարցով կպատասխանեի՝ որևէ մեկի համար նորմա՞լ է, որ ունենանք Սահմանադրական դատարան, որի մոդելն այն է, որ դատավորները 12 տարով են պաշտոնավարում, և այդ ՍԴ ներսում իրավիճակ ունենանք, որ 7 դատավոր պաշտոնավարում է ցմահ, իսկ նոր նշանակված 2 դատավոր և ապագայում նշանակվող դատավորները՝ 12 տարով։ Այստեղ շատ կարևոր է ֆիքսել, որ չեն կարող մի մարմնում լինել երկու տարբեր կարգավիճակներ ունեցող անձինք, այդ թվում՝ պաշտոնավարման ժամկետի առումով։ Եվ փոփոխությունների ամբողջ իմաստն ու ոգին այդ մոդելի կյանքի կոչումն է»։


