հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ նախագահի հայտարարությունը չպետք է գերագնահատել, ոչ էլ թերագնահատել․ Վարդանյան

ԱՄՆ նախագահի հայտարարությունը չպետք է գերագնահատել, ոչ էլ թերագնահատել․ Վարդանյան

ԱՄՆ նախագահի հայտարարությունը չպետք է գերագնահատել, ոչ էլ թերագնահատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելու մասին հարցին։

«ԱՄՆ կողմից 1915-23 թվականների իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելը ըստ էության հնարավորություն կտա ԱՄՆ-ում ավելի հստակ ներկայացնել համապատասխան պահանջները, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դրա նեգատիվ իրավական հետևանքների վերացմանը։ Ի՞նչ կտա միջազգային ճանաչման գործիքակազմի տեսանկյունից․ փաստորեն ԱՄՆ-ն արդեն գործադրիրի մակարդակով միացավ Անվտանգության խորհրդի մշտական այն անդամների թվին, որոնք պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ Եվ հաշվի առնելով, որ ԱՄՆ ձայնը լսելի է շատ այլ երկրներում, սա կարող է նոր կատալիզատոր ու արագացուցիչ հանդիսանալ այլ պետությունների կողմից ճանաչելու պարագայում»,- ասաց նա։

Ըստ Վարդանյանի, բայց, չպետք է մոռանանք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դրա հետևանքների վերացումը նաև սահմանադրական պարտականություն է ՀՀ համար։ «Եվ մենք, առաջնորդվելով ՀՀ անկախության հռչակագրով և Սահմանադրության նախաբանով, պետք է շարունակենք այդ գործընթացը տանել առաջ՝ անկախ նրանից, թե այս կամ այն պետությունն ինչ դիրքորոշում ունի այդ հարցի վերաբերյալ»

Ըստ նրա՝ երկար տարիներ ԱՄՆ նախագահներն ընդհանրապես խուսափում էին արտասանել ցեղասպանություն բառը։

«Նույնիսկ ասում ին՝ ԱՄՆ-ն որդեգրել է իրավաբանական ակրոբատիկայի սկզբունքը, որպեսզի չօգտագործեն ցեղասպանություն բառը։ Իհարկե, իրավիճակը կփոխվի, չպետք է գերագնահատենք ու չպետք է թերագնահատել այդ հայտարարությունը։ Հուսամ, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ այս գիծը կդառնա մշտական, և հետագայում առնվազն Թուրքիան չի կարողանա  խոչընդոտել ԱՄՆ-ում ընթացքող իրավական գործընթացներին։ Նախկինում, ցավոք, լինում էին դեպքեր, երբ այս կամ այն դատական ատյանում հարցի քննարկման ժամանակ կառավարությունը հանդես էր գալիս մի փոքր այլ դիրքորոշումից, քան ակնկալում էր ԱՄՆ ժողովուրդը»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը։

  • Կիսվել: