հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ-ն խստիվ դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին. Դեսպանատուն

ԱՄՆ-ն խստիվ դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին. Դեսպանատուն

Միացյալ Նահանգները խստիվ դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին. Այս դիրքորոշումը հստակ հնչեցվեց պետքարտուղար Պոմպեոյի կողմից չորեքշաբթի օրը։ Այս մասին NEWS.am-ի հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և ՄԱԿ-ի ԱԽ անդամ, գնահատում փաստը, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե պատրաստ է հարված հասցնել հայկական ատոմակայանին:

«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը և օգտագործել իրենց միջև ուղղակի հաղորդակցության առկա ուղիները՝ խուսափելու հետագա էսկալացիայից եւ խստիվ պահպանելու հրադադարը։ Կողմերին նաև հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ամրապնդելու հրադադարը եւ հնարավորինս շուտ վերադառնալու առարկայական բանակցությունների։ Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ ոչ օգտակար հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք լարվածություն են ստեղծում տեղում»,-ասված է դեսպանության պատասխանում:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն արձագանքել էր Ադրբեջանի ռազմական գերատեսչության` Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հնարավորության մասին սպառնալիքներին:

«Որևէ պաշտոնական հայտարարություն կամ հաղորդում չի եղել ՀՀ ԶՈՒ մարմինների կողմից որևէ քաղաքացիական ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտին հարված հասցնելու մասին»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:


  • Կիսվել: