շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշմամբ  Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի հատկացում կարվի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշմամբ Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի հատկացում կարվի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագծին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 368 կոնգրեսական, դեմ՝ 57-ը։

Այժմ օրինագիծը կքննարկվի Սենատում: Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն ավելի վաղ խոստացել էր հնարավորինս շուտ կազմակերպել նախաձեռնության քվեարկությունը: Վերին պալատի կողմից հաստատվելու դեպքում այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրության։

Փաստաթուղթը նախատեսում է միջոցներ հատկացնել Կիևին ռազմական, տնտեսական և հումանիտար օգնության համար։ Մասնավորապես, 6 միլիարդ դոլար պետք է ուղղվի զենքի և անվտանգության ապահովման համար, 8,7 միլիարդ դոլար՝ տնտեսական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հանրային ծառայությունների աշխատանքը ֆինանսավորելու համար, 5 միլիարդ դոլար՝ պարենային օգնություն Ուկրաինային և աշխարհի այլ երկրներին, 900 միլիոն դոլար նախատեսված է ուկրաինացի փախստականներին աջակցության համար: Բացի այդ, 3,9 մլրդ դոլար կհատկացվի Եվրոպայում ամերիկյան զորքերի հզորացմանը։

«Լրացուցիչ ռեսուրսները, որոնք ներառված են այս օրինագծում, թույլ կտան մեզ ավելի շատ զենք, օրինակ՝ հրետանի և զրահատեխնիկա, ինչպես նաև զինամթերք ուղարկել Ուկրաինա: Դրանք նաև կօգնեն մեզ համալրել մեր զինանոցը և աջակցել ՆԱՏՕ-ի երկրների տարածքում ԱՄՆ-ի զորքերին»,- ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: