չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ամենահեշտ բանը մանդատը վայր դնելն ու շառից-փորձանքից հեռու գնալն է, բայց դրանով քաղաքական առումով ի՞նչ հարց ենք լուծելու. Քոչարյան

Ամենահեշտ բանը մանդատը վայր դնելն ու շառից-փորձանքից հեռու գնալն է, բայց դրանով քաղաքական առումով ի՞նչ հարց ենք լուծելու. Քոչարյան

Իշխանության ներկայացուցիչները իրենց ֆեյք էջերով տարբեր բաներ շահարկում են, այդ ամենը հաշվի առնելով՝ իմ ֆիզիկական ներկայությամբ ակտիվ չեմ մասնակցել ցույցերին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Անդրադառնալով օրերս ԱԺ-ում տեղի ունեցած՝ ՀՀ նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ քաշքշուկին՝ նա, մասնավորապես, նշեց. «Էս մարդիկ 5000 երեխու գլուխ են կերել, երկիրը տարել են պարտության, Արցախ են կործանել, ու մեծ հաշվով պատասխան չի եղել: Բայց ամեն ինչի համար պատասխան տալու ժամանակը գալու է»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության ներկայացուցիչները վայր չեն դնում մանդատները, այլ շարունակում են նման միջադեպերի մաս կազմել, պատգամավորը պատասխանեց. «Ես գիտեմ, որ նման տեսակետ կա, մեր պատգամավորներն ասել են դրա հետ կապված իրենց մոտեցումները: Բայց պետք է հասկանանք՝ ինչ-որ քայլ չպիտի լինի ինքնանպատակ: Եթե զուտ իմ և իմ գործընկերների անձնական ցանկության մասին խոսքը լինի, իհարկե, ամենահեշտ բանը մանդատը վայր դնելն ու շառից-փորձանքից հեռու գնալն է, բայց դրանով քաղաքական առումով ի՞նչ հարց ենք լուծելու»:

 

  • Կիսվել: