Ամբողջությամբ աղճատված իրականությունն էր ներկայացվում. Արսեն Թորոսյանը՝ ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասին (տեսանյութ)
Ընդդիմության այսօրվա հանրահավաքում որևէ նոր բան չգտա: Այս մասին ապրիլի 5-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այսօր Ազատության հրապարակում ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ ՛՛Հայաստանի՛՛ և ՛՛Պատիվ ունեմ՛՛-ի կազմակերպած հանրահավաքին, որի նպատակը, ըստ կազմակերպիչների, հանրությանն իրազեկելն էր ՀՀ-ին ու Արցախին սպառնացող վտանգների մասին:
Թորոսյանը նշեց, որ դարձյալ լսեց այն թեզերը, որ հաճախ է լսում ընդդիմադիրներից ԱԺ-ում
՛՛Նոու-հաուն բաց թողեցի երևի, որովհետև թեզերը մեծամասամբ ջախջախված են քաղաքական երկխոսության մեջ։ Հանրահավաքը կարծես դասախոսություն լիներ փարիսեցիության մասին։ Երբ որ ասում ես այն, ինչ որ չես անում և անում ես այն, ինչ որ չես ասում։ Ամբողջությամբ աղճատված իրականությունն էր ներկայացվում։
Նույնիսկ ապրիլյան պատերազմն էր ներկայացվում որպես հաղթական, երբ մենք կրկին կորուստներ էինք ունեցել։ Բայց կարծում եմ մեր ժողովուրդը այդ ամեն ինչը շատ լավ հասկանում է՛՛,-ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ հանրահավաքը բեկումնային իրադարձություն չէր ՀՀ ներքաղաքական կյանքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատության հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցներն այնուհետև շարժվել են Ֆրանսիայի հրապարակ, մեկ ժամով փակել մուտքերը, այնտեղ տեղադրել Արցախի դրոշը: Ընդդիմադիրները նաև քաղաքական հայտարարություն են տարածել:
Հավելենք նաև, որ, ըստ ԻՔՄ-ի, ժամը 19:13-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 11,200 մարդ:
Մանրամասները՝ տեսանյութում.



