կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևը կրկնեց, որ միջազգային իրավունքը որևէ արժեք չունի, և ինքը շարունակելու է կիրառել ուժի գործոնը. ադրբեջանագետ

Ալիևը կրկնեց, որ միջազգային իրավունքը որևէ արժեք չունի, և ինքը շարունակելու է կիրառել ուժի գործոնը. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա ելույթից որոշ կետեր:

«-Աշխարհում լիովին խախտված են կանոնները, չեն պահպանվում վարքագծի կանոնները, միջազգային իրավունքը...Ուստի, իհարկե, մենք պետք է ավելի ուժեղ լինենք, առաջին հերթին ինքներս մեզ պաշտպանելու, մեր անկախությունը պաշտպանելու, մեր ընտրությունը պաշտպանելու, մեր ապրելակերպը պաշտպանելու, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մենք շատ լուրջ քայլեր ձեռնարկեցինք այդ ուղղությամբ, և ես արդեն հայտարարել եմ այդ մասին, ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը ռազմական մեծ ներուժ ունեն:

–Այսօր աշխարհում առաջնահերթը ուժի գործոնն է, ուստի ուժի հետ հաշվի են նստում: Վերջին երկուսուկես տարվա մեջ մենք ցույց ենք տվել ոմանց, որ որևէ մեկը չի կարող ազդել մեր կամքի վրա: Ոչ ոք չի կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների, վերջնագրերի լեզվով և ես կարծում եմ՝ նման փորձեր այլևս չեն լինի:

–Վերջին շրջանի դրական կետերից մեկն այն է, որ հայկական կողմի դիրքորոշման մեջ տեղաշարժ կա։ Եթե անցյալ տարվա հոկտեմբերին նրանք ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնացին և արդեն պաշտոնապես ճանաչեցին ադրբեջանական տարածքի պարամետրերը, այդ թվում ՝ Ղարաբաղը և մեր անկլավային գյուղերը։ Սա պետք է դիտարկել որպես դրական քայլ։ Հիմա հերթը հասել է, որ նույն բառերն իրենց հաստատումը գտնեն նաև թղթի վրա, ստորագրություններ դրվեն և հարաբերություններ հաստատվեն։ Ամեն դեպքում, մենք կշարունակենք մեր ջանքերն այդ ուղղությամբ։

–Պետք է նշեմ նաև, որ վերջին շրջանում մենք կարողացել ենք մեր տրանսպորտային հնարավորությունները դուրս բերել մեր սահմաններից, առաջին հերթին՝ Սև ծով ։ Գնվել է երեք խոշոր տանկերներ՝ յուրաքանչյուրը 115 հազար տոննա։ Տանկերներին տրվել են «Շուշա», «Ղարաբաղ» և «Զանգեզուր» անվանումները»,-Ալիևի խոսքը մեջբերել է ադրբեջանագետը:

Այնուհետև Հայրապետյանը հավելել է. «Կարճ ասած՝ Ալիևը կրկնեց, որ միջազգային իրավունքը որևէ արժեք չունի և ինքը շարունակելու է կիրառել ուժի գործոնը: Նիկոլ Փաշինյանից էլ գոհ է, վերջինս զիջելու «մաստեր կլաս» է ցույց տվել հաշված ամիսների ընթացքում, Արցախը զիջեց քիչ է, արդեն ՀՀ տարածքներ էլ է խոստացել, թե դիմացը ինչ է ստացել, ոչ մեկ տեղյակ չի:

Իսկ տանկերների անունները պատահական չեն ընտրված, իրենք Սյունիքի հանդեպ իրենց ոտնձգություններն արտահայտում են ամենուրեք»:

  • Կիսվել: