ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ում հետապնդվող քաղաքացիների արտահանձնման մասին

Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ում հետապնդվող քաղաքացիների արտահանձնման մասին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը  բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաքացիների ձերբակալման կամ արտաքսման հնարավորությունը քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին նա ասել է «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Հայաստանից զրո մարդ է արտաքսվել։ Եթե մարդը չի խախտում մեր օրենքները, նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվում։ Եղել են իրավիճակներ, երբ մարդկանց ձերբակալել են, բայց հանգամանքները պարզելուց հետո այդ եզակի դեպքերն ավարտվել են նրանով, որ մենք նրանց ազատ ենք արձակել»,-նշել է նա:

Սիմոնյանը նաև շեշտել է, որ Հայաստանում հետախուզվող շատերը՝ «նախկին քաղաքական գործիչներ, որոնք մեղադրվում են բռնության, սպանությունների, կոռուպցիայի մեջ, այժմ թաքնվում են հենց Ռուսաստանի Դաշնությունում»։

«Ես Ձեզ երաշխավորում եմ՝ քաղաքական դրդապատճառներով ոչ մի մարդ չի ձերբակալվի և չի արտաքսվի որևէ այլ՝ երրորդ երկիր։ Ես Ձեզ դա պաշտոնապես երաշխավորում եմ։ Մեզ մոտ շատ մարդիկ են գալիս, շատ արտիստներ, շատ հայտնի մարդիկ, որոնք հայտարարված են օտարերկրյա գործակալներ և այլն։ Նրանք այստեղ համերգներ են ունենում...»,-հավելել է Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: