հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ նույն՝ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ նույն՝ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով

Ես դա չեմ բացառում, որովհետև իրավական առումով դա ամենահարմար տարբերակներից մեկն է, եթե ոչ ամենահարմար տարբերակը: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս կերպ արձագանքեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հարցին, թե նույն՝ 1976 թվականի քարտեզներո՞վ է շարունակվելու սահմանազատման գործընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով:

«Կարելի է վիճել մեկ-երկու տարբերակի միջև, բայց երբ Սովետական Միությունն այդ սահմանները գծել է, իրենք հիմնականում (միգուցե տեղում հատուկ նաև նպատակ ունենալով) հստակ գծել են Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանը, որովհետև դրանք եղել են Սովետական Միության արտաքին քարտեզները: Բայց մնացած քարտեզներն իրենք հնարավորինս խառնել են, ասել են՝ մեր վարչական տարածքն է: Եվ խնդիրը քարտեզների մեջ եղել է միշտ հստակ փաստաթուղթ գտնել, որտեղ երկուստեք բան կա: Հիմա գտել ենք, ունենք»,- ասաց նա:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այդ քարտեզները շատ քիչ են տարբերվում իրարից, և խոսքը մասշտաբների տարբերության մասին է:

«Ճիշտ է, խոսքը մետրերի մասին է, բայց այդ մետրը կարող է ինչ-որ բան փոխել հողի վրա, [խոսքը] մասշտաբների մասին է: Մասշտաբավորման տրամաբանության մեջ կա 1-ը 100 հազարի, 1-ը՝ 50 հազարի, 1-ը՝ 25 հազարի մասշտաբային քարտեզ, և այս տարբերակն այս պահի դրությամբ ամենաընդունելին է: Մեզ համար նույնպես շատ ընդունելի տարբերակ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նաև հայտարարեց. «Վստահեցնում եմ ձեզ՝ մի քանի տարի հետո այդ գյուղերը լինելու են օրինակելի գյուղեր, և 2026-ի ընտրությունների ժամանակ ՔՊ-ն այնտեղ հաղթելու է շռնդալից ձևով»:

  • Կիսվել: