հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ակնհայտ է, որ անուն-ազգանունս քաղաքական մեծ վախեր է առաջացնում իշխանության պաշտոն ունեցող շատ մարդկանց մոտ. Թաթոյան

Ակնհայտ է, որ անուն-ազգանունս քաղաքական մեծ վախեր է առաջացնում իշխանության պաշտոն ունեցող շատ մարդկանց մոտ. Թաթոյան

Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Այս մասին օր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, իբրև թե ինքը ստացել է «Դիմադրության» շարժման առաջնորդի առաջարկ:
 
՛՛Ուրեմն, այս օրերին իշխանության տարբեր շրջանակներ իրենց սոցիալական ցանցերով ու կեղծ էջերից սկսել են իմ անվան հետ կապված ուղղորդված արշավներ՝ ծայրահեղ վիրավորանքներով ու ատելությամբ:


Ակնհայտ է, որ անուն-ազգանունս քաղաքական մեծ վախեր է առաջացնում իշխանության պաշտոն ունեցող շատ մարդկանց մոտ:

Երկրի իրական կառավարման ու խնդիրներ լուծելու փոխարեն զբաղվում եք խառնակչությամբ: Ֆեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի, իրական վտանգի տակ եք դրել մեր պետականությունն ու անվտանգությունը:

«Ոտքից գլուխ» տապալել եք ձեր առաքելությունը, քանի որ ձեր պաշտոններն ավելի եք գերադասում երկրի շահերից ու անվտանգությունից:

«Լեզվին տվող» պետական ու համայնքային տարբեր ծառայողների հիշեցնում եմ, որ դուք պետք է զբաղվեք ձեր իրական առաքելությամբ՝ Հայրենիքի պաշտպանությամբ ու պետության անվտանգությամբ, սահմանային բնակավայրերում, գյուղերում ապրող մարդկանց վիճակով, այլ ոչ թե վիրտուալ կոմֆորտի մեջ Ֆեյսբուքի էջերով ու լայքեր հավաքելով:

Ձեզ համար նորից եմ կրկնում այն, ինչ ասել եմ ապրիլի 30-ի իմ հանրային քննարկման ժամանակ՝ ակտիվ հանրային գործունեությամբ զբաղվում եմ, բայց որևէ քաղաքական ուժի չեմ հարում և չունեմ որևէ այլ առնչություն քաղաքական որևէ ուժի հետ:

Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Ընդ որում, կառաջնորդվեմ պետության անվտանգության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների երաշխավորման, ազգային արժեքների պաշտպանության, հանրային համերաշխության վերականգնման օրակարգով՛՛,-գրել է Թաթոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թաթոյանը հերքել էր «Դիմադրության» շարժման առաջնորդի առաջարկ ստանալու մասին լուրերը՝ անվանելով դրանք հորինված ինֆորմացիա:

  • Կիսվել: