երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ակներև է հայ-ֆրանսիական բարձրագույն մակարդակի քաղաքական երկխոսությունը ու դրա ամրապնդման երկուստեք վճռականությունը. ՀՀ ԱԳ նախարար

Ակներև է հայ-ֆրանսիական բարձրագույն մակարդակի քաղաքական երկխոսությունը ու դրա ամրապնդման երկուստեք վճռականությունը. ՀՀ ԱԳ նախարար

Ֆրանսիացի գործընկերոջս հետ վերահաստատել ենք մեր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարուստ օրակարգի հետագա ընդլայնման, արդեն իսկ իրենց բնույթով առանձնաշնորհյալ հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակությամբ հարստացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև մերօրյա մարտահրավերները:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ակներև է հայ-ֆրանսիական բարձրագույն մակարդակի քաղաքական երկխոսությունը ու դրա ամրապնդման երկուստեք վճռականությունը, որը վերահաստատվեց երկու երկրների ղեկավարների՝ նախորդ տարի՝ «Հավակնություններ. Ֆրանսիա-Հայաստան» համաժողովին մասնակցությամբ, ինչպես նաև՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի ստորագրումով: Մենք պայմանավորվել ենք գործուն քայլերով ապահովել ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը, մեր համատեղ շահագրգռվածությունն է՝ ունենալ այս ոլորտում շոշափելի արդյունքներ, ինչը համահունչ կլինի մեր քաղաքական երկխոսությանը»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ տնտեսական օրակարգի խթանման համար կարևոր գործոն է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ արդեն ձևավորված  արդյունավետ համագործակցությունը ու դրա ընդլայնման հնարավորությունը: 

«Մեծապես կարևորել ենք մի շարք այլ, այդ թվում՝ կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում սերտ համագործակցությունը: Նշել եմ մեր գոհունակությունն առ այն, թե ինչպես է Ֆրանսիան կիսում Հայաստանի հաջողությունները. օրինակ, Փարիզում և Լիոնում Թումո կենտրոնների գործունեությունը»,- հավելեց Միրզոյանը:

 

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը մանրամասնեց, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել են նաև Հայաստանում ֆրանսիական կրթական բոլոր օղակներն ընդգրկող ուսումնական հաստատությունների գործունեությանը: 

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ամեն տարի Հայաստանում տեղի է ունենում «Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրեր»-ը միջոցառումը, որն ամբողջ Հայաստանում տարածում է ֆրանսիական մշակույթի շունչը՝ շուրջ 700 միջոցառումներով: 

«Այսօր գոհունակությամբ ենք անդրադարձել մեր երկկողմ ընդգրկուն օրակարգում ուրույն տեղ զբաղեցնող միջխորհրդարանական համագործակցությանը՝ թե երկկողմ ձևաչափով, թե բազմակողմ խորհրդարանական հարթակներում: Ընդգծել ենք նոր թափով զարգացող և ընդլայնման զգալի ներուժ ունեցող ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման կարևորությունը»,- նշեց Միրզոյանը:  

  • Կիսվել: