Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի. Անդրանիկ Քոչարյան
Փետրվարին զինված ուժերում ինքնասպանության և ինքնասպանության հասնելու դրսևորումները շատ սուր էին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերիմշտական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով, պետք է հասնել նրան, որ Զինված ուժերում եղբայրական մթնոլորտ տիրի և հրամանատար-զինվոր ու զինվոր-զինվոր հարաբերություններում առաջնորդվեն եղբայրության սկզբունքով՝ կառուցված կոնկրետ կանոնադրային պահանջներով:
«Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի: Էլիտար զորամասերի հացն էլ ենք քննարկել. Արցախի պաշտպանության բանակում, որտեղ հիմնականում ծառայությունն իրականացնում են թե Արցախի մեր հայրենակիցները, թե կամավորները, բոլոր զորամասերը մենք գնահատեցինք էլիտար իրենց մարտական խնդրի պայմաններում: Այն զորամասը, որտեղ եղավ ինքնասպանություն, իր մարտական էլիտար բնույթը և որպես հարվածային ուժ չարժի, որ մենք անընդհատ նրա էլիտարությունը դիտենք այլ հոգեբանականնկարագրի մեջ, այլ դիտենք մարտական խնդրի մեջ: Իմ ասածը դա է: Բայց այն, որ ցանկացած զորամասում էլ կան անհավասարության այսպիսի դեպքեր, որը ծնում է նման իրավօճակ, փաստ է», -ասաց Քոչարյանը:
ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի և Պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, ըստ Քոչարյանի, քննարկել են բանակում բարոյահոգեբանական վիճակը, անհավասարությունը ծնող պայմանները: Զորամասերում թիվ մեկ պատասխանատուն, Քոչարյանի խոսքով, հրամանատարն է, և նա պետք է լիարժեքորեն զգա իրավիճակը, թույլ չտա արատավոր երևույթներ:
Նա հորդորեց լրագրողներին տարբերություններ չդնել պաշտպանության բանակի և պաշտպանության նախարարության միջև, քանի որ դրանք մեկ միասնական անվտանգության համակարգ են:


