կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱԽ քարտուղարը ներկայացրել է իրենց իշխանության ձեռքբերումները

ԱԽ քարտուղարը ներկայացրել է իրենց իշխանության ձեռքբերումները

Նույնիսկ համավարակի ու պատերազմի հարուցած պայմաններում Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում էապես աճել է` 2018 թվականին կազմելով 5.2%, իսկ 2019-ին՝ 7.6%, ավելի քան 85 000 նոր աշխատատեղ է ավելացել, կառուցվել է ավելի քան 1000 կիլոմետր ճանապարհ:

Այս մասին «Ազատության» եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ 2008-2017 թվականներին Հայաստանի բյուջեն 822 միլիարդ դրամից հասել է 1․3 տրիլիոնի նա հավելել է, որ 2018-2020 թթ. բյուջեն 1.3 տրիլիոնից հասել է 1.8 տրիլիոնի, այսինքն՝ մոտ 500 միլիարդով աճել է։ «Եվ այսպես՝ այն, ինչ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կատարվել է 9-10 տարում, գործող իշխանությունն այդ արդյունքին հասել է 1-2 տարում»,- ընդգծել է Գրիգորյանը:

Ընդգծելով անվտանգության հարցերին իրենց թիմի առանձնահատուկ ուշադրությունը և կարևորելով բանակին տրվող հատկացումները՝ նա շեշտել է, որ 2018 թվականից բանակի բյուջեն շեշտակիորեն ավելացել է։ «Եթե 2008-2017 թթ. բանակի հատկացումները աճել են ընդամենը 82 միլիարդով, ապա մեր քաղաքական թիմը, 2018 թ. մայիսին գալով իշխանության, ընդամենը 7 ամսում զինված ուժերի բյուջեն ավելացրել է 102 միլիարդով։ Այսինքն՝ այն, ինչ նախկին իշխանություններն արել էին 9-10 տարում, մեր իշխանությունն իրականացրել է ընդամենը 7 ամսում»,- կրկնեց Գրիգորյանը:

Անդրադառնալով քաղաքականության առաջնահերթություններին՝ նա խիստ կարևորել է անվտանգության հարցերը և կուռուպցիայի դեմ պայքարը, որոնք իրենց իշխանության համար շարունակելու են մնալ գերակայություններ:

  • Կիսվել: