հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀԿ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության գոտում պաշտպանել բժիշկներին

ԱՀԿ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության գոտում պաշտպանել բժիշկներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին չթիրախավորել բուժաշխատողներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։ ՌԻԱ Նովոտսիի հաղորդմամբ՝ նման հայտարարություն արել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն։

«Մարտական գործողությունները նպաստում են COVID-19-ի կտրուկ աճին։ Շարունակվող բռնությունն ու բնակչության հետագա տեղափոխությունը խորացնելու են առողջապահության ոլորտի ճգնաժամը։ Հակամարտությունը հանգեցնում է համակարգի կաթվածահար լինելուն` էլ ավելի ծանրաբեռնելով առանց այդ էլ համավարակի պատճառով ծանրաբեռնված առողջապահական համակարգը», - նշել է Կլյուգեն։

ԱՀԿ-ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան պաշտպանել քաղաքացիական բնակչությանն ու բուժհաստատություններին, որոնք խնամում են վիրավորներին ու հիվանդներին։

«COVID-19-ի համատեքստում հատկապես կարևոր է, որ բոլոր բուժաշխատողները պաշտպանված լինեն բռնությունից, որպեսզի կարողանան ունենալ համավարակին արձագանքելու միջոցներ», - նշել է Կլյուգեն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի քանի բժիշկ է զոհվել մարտական գործողությունների գոտում բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

  • Կիսվել: