երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ագրեսիայի հետևանքով կրած պարտությունը լեգիտիմացնելը դավաճանություն է. Վարուժան Ավետիսյան

Ագրեսիայի հետևանքով կրած պարտությունը լեգիտիմացնելը դավաճանություն է. Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ագրեսիայի հետևանքով կրած պարտությունը լեգիտիմացնելը դավաճանություն է
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը որոշվել է 100 տարի առաջ՝ Հայաստանի Հանրապետության սահմանները որոշող Ազգերի լիգայի խորհրդի հանձնախմբի 1920 թ. Փետրվարի 24-ի զեկույց-առաջարկներով: Այս փաստաթուղթն իր արտացումն է գտել  1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրում (հոդված # 92), ինչպես նաև ներառված է 1920 թ. նոյեմբերի 22-ի Վիլսոնի իրավարար վճռի պաշտոնական փաթեթի մեջ (հավելված 1, թիվ #2)։ Սա է միակ օրինական փաստաթուղթը, որը միջազգային իրավունքի հիման վրա որոշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը:  

Ըստ այդ փաստաթղթի, Հայաստանի տարածքի մեջ է մտնում ոչ միայն ամբողջ Արցախը, այլև Գարդմանքն ու Նախիջևանը։

Ներկայումս, անհասկանալի հիմքի վրա, խախտելով միջազգային իրավունքի բազմաթիվ հիմնադրույթներ, փաստացի տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանանշում (դեմարկացիա): Սա անօրինական, հիմնազուրկ և հակասահմանադրական քայլ է, քանի որ, բացի Հայաստանի սահմանը որոշելու վերաբերյալ վերը նշված միջազգային-իրավական ակտերից,  Ադրբեջանական Հանրապետությունն իր առաջին իսկ փաստաթղթով հրաժարվել է սովետական իրավա-պայմանագրային ժառանգությունից (տես՝ КОНСТИТУЦИОННЫЙ АКТ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ от 18 октября 1991 года №222-XII О восстановлении государственной независимости Азербайджанской Республики):
Նախկին ազգադավների իրավահաջորդ գործող վարչակազմը, որի ապիկարության և դավաճանության պատճառով Հայաստանը պարտվեց վերջին պատերազմում, ոչ միայն չի խոչընդոտում Ադրբեջանին, այլև ամեն ինչ անում է երևույթը որպես պաշտոնական սահմանանշում ամրագրելու  համար։ 

Իրենց հերթին՝ տիտղոսակիր ընդդիմությունը, ինչպես նաև պետության մյուս ինստիտուտները ևս աջակցում են այս հակապետական երևույթին։

Փաստորեն՝ աթոռի համար գզվրտվող և դավաճանությունը սպասարկող «քաղաքական վերնախավի» հիմնական մասը և պետական ինստիտուտները սպասարկում են թշնամու շահը։ 

Ակամա համոզմունք է ձևավորվում, որ այս բոլորի վերջնական նպատակն է մեզ զրկել Հայաստանի Հանրապետության դեօկուպացիայի միջոցով Հայրենիքին վերատիրանալու իրավունքից և Հայաստանի Հանրապետությունը վերածել ռեզերվացիայի։

Պարտությունը ևս պետք է արժանապատիվ ձևակերպում ունենա, այլ ոչ թե սկիզբ դնի ինքնաոչնչացման անդառնալի գործընթացի։

Եթե պարտվել ենք մեր դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմում և այս պահին թշնամին է գծում մեր սահմանը, ապա առնվազն կարող ենք երևույթն իրավաբանորեն ամրագրելու փոխարեն այն դիտել ընդամենը որպես փաստ և զուգահեռաբար ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետության տարածքի և սահմանների միջազգային֊իրավական հիմքերի վերարծածմանը և վերաճանաչմանը»։

  • Կիսվել: