երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Սյունիքում և Կոտայքում մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր

Սյունիքում և Կոտայքում մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր

Մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար։ Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ անապահովության գնահատման նոր համակարգով անցած շահառուները մի քանի ուղղություններով հնարավորություն կունենան զբաղվածության հարց լուծել։ Գործատուներն էլ կստանան աջակցություն։  

«Աջակցման ուղղությունները տարբեր են՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ապահովում և աշխատանքի տեղավորում, աշխատանքի տեղավորում՝ աշխատավարձի սուբսիդավորման միջոցով։ Մեր նպատակն է աջակցել այն անձանց, որոնք չունեն աշխատանքային շուկային համապատասխան հմտություններ։ Ուսուցման, աշխատանքային պրակտիկայի միջոցով նպաստել, որ մուտք գործեն աշխատաշուկա, աշխատանք գտնեն ու իրենց աշխատանքով հոգան սեփական կարիքները»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։

Ուսուցում և աշխատանքի տեղավորում ուղղությունը կապված է մինչև 5 ամիս տևողությամբ ոչ ֆորմալ կրթության հետ։ Շահառուի ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան գործատուին կվճարվի ուսման վարձի փոխհատուցում մինչև 250,000 դրամի չափով։ 

«Այստեղ ուզում եմ նշել, որ գործատուն կորոշի, թե որտեղ և ինչ գիտելիք կստանա շահառուն։ Ի վերջո, վերջինս պետք է աշխատի հենց տվյալ գործատուի մոտ: Ծրագրի միջոցով պետությունը գործատուին կփոխհատուցի կրթական ծախսերը»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։ 

Երբ շահառուն ամբողջ ուսուցման ծրագիրն ավարտի, արդեն  գործատուի և շահառուի միջև պետք է կնքվի առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Այս պարագայում գործատուին ամսական մինչև 50,000 դրամի չափով կտրվի փոխհատուցում։

Աջակցության 2-րդ ուղղությամբ նախատեսվում է գործատուի և շահառուի միջև կնքել աշխատանքային պայմանագիր առնվազն 6 ամիս ժամկետով։ Սա իրենից ենթադրում է, որ առաջիկա 3 ամիսներին կիրականացվի աշխատանքային փորձառության կազմակերպում։ Այսինքն՝ շահառուն գործնականում կլինի աշխատանքի մեջ՝ սովորելով ու հմտանալով։ Գործատուն այդ 3 ամսվա ընթացքում կստանա փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165,000 դրամ՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները։ Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո արդեն գործատուն ստանում է աջակցություն՝ առավելագույնն ամսական 50,000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով։

«Ինչ վերաբերում է աջակցության 3-րդ ուղղությանը, ապա ամենամսյա մասնակի փոխհատուցում կտրամադրվի այն գործատուին, որն առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքի անապահով ճանաչված շահառուի հետ: Ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը 6-11 ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։

Եթե աշխատանքային պայմանագիրը 12 և ավելի ամիս ժամկետով է կնքվում, ապա 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75,000 դրամը:

«Զբաղվածության ծրագրից օգտվելու համար նախնական երկու մարզի համար սահմանվել է տեղ 400 շահառուի համար։ Մենք կոնկրետ ոլորտներ չենք առանձնացրել, շահառուներն ու գործատուները ազատ են այդ հարցում։ Ինչպես գիտեք, սեզոնով պայմանավորված տարբեր ոլորտներում տարբեր ժամանակաշրջանում ակտիվություն է նկատվում։ Դրա համար մենք թողել ենք, որ շուկան ինքը որոշի։ Ամեն դպքում կարող եմ առանձնացնել մի քանի ուղղություններ, որտեղ այս կամ չափով աշխատողի պահանջարկ կա՝ ծառայություն, զբոսաշրջություն, Սյունիքի պարագայում՝ հանքարդյունաբերություն և այլն»,-ասաց Ռուբեն Սագսյանը։ 

Այս ձևաչափով զբաղվածության ծրագիր նաև իրականացվել է զորացրված զինծառայողների ու բռնի տեղահանված արցախցիների համար։ Ռուբեն Սարգսյանը վստահեցրեց, որ արդյունքները գոհացուցիչ են, պահանջարկից ելնելով՝ ծրագրերում շահառուների համար սահմանված տեղերն ավելացել են։ Ակնկալվում է, որ Սյունիքի ու Կոտայքի պարագայում ևս այդպիսի ակտիվություն կլինի։ Շահառուները առավելագույնը մեկ ամսից կարող են արդեն գործնականում օգտվել այս ծրագրից։ 

 

  • Կիսվել: