երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

Նախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել հանրապետությունում արդյունաբերության գերակա ճյուղ համարվող, ծանր արդյունաբերության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ սև մետաղների վերամշակումը, ստեղծել նոր աշխատատեղեր, ընդլայնելով արդյունաբերական հզորությունները, շուկայում ապահովել ոլորտային արտադրանքների համար հավասար մրցակցային պայմաններ:

Նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում:

  • Կիսվել: