շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աղքատ երկրներին պատվաստանյութերով ապահովելու խոստումները չեն իրագործվում

Աղքատ երկրներին պատվաստանյութերով ապահովելու խոստումները չեն իրագործվում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հարուստ եւ աղքատ երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ոչ հավասարաչափ բաշխումը կարող է երկարաձգել համաճարակի կյանքը, գրում է Ամերիկայի ձայն-ը։

Կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքերով, համաճարակից արագ ազատվելու հույսերը հայտնվել են վտանգի տակ, քանի որ ամբողջ պատվաստանյութի ծավալն ուղղվում է միայն հարուստ երկրների բնակչությանը:

Ամենաբարձր եկամուտներն ունեցող 49 երկրներում արդեն իսկ իրականացվել է 39 միլիոն պատվաստում: ‘’Ամենաաղքատ երկրներից մեկին է տրամադրվել 25 չափաբաժին’’, ասել է Գեբրեյեսուսը ու շեշտել, ‘’ոչ թե 25 միլիոն կամ հազար, այլ` պարզապես 25 չափաբաժին’’:

COVAX անվանումը կրող միջազգային մարմինը հիմնադրվել է ինն ամիս առաջ, ապահովելու համար հիմքեր, որպեսզի կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութը հասանելի լինի բոլոր երկրների համար: Կազմակերպությանը հաջողվել է ապահովել երկու միլիարդ չափաբաժին հինգ տարբեր ընկերություններից: Սակայն ԱՀԿ-ի ղեկավարի խոսքերով, աղքատ երկրներին փետրվար ամսից պատվաստանյութեր հատկացնելու ծրագիրը հայտնվել է վտանգի ներքո, քանի որ հարուստ երկրները հետ են կանգնում հավասարաչափ բաշխելու մասին իրենց նախնական խոստումներից:

‘’Պետք է հստակ ասեմ. Աշխարհը կանգնած է բարոյական ձախողման աղետի առջեւ, եւ այս ձախողման գինը հատուցելու ենք մարկանց կյանքով’’, ասել է նա: Նա նախազգուշացրել է, որ հարուստ երկրները, աշխարհի աղքատների ու խոցելի ժողովուրդների կարիքներն անտեսելու արդյունքում ապագայում ավելի բարձր գին են վճարելու:

Չէ որ, այս մոտեցման արդյունքում երկարաձգվելու է համաճարակը, որը ոչ միայն կխլի հավելյալ կյանքեր աղքատ երկրներում, այլ հիվանդության տարածման պատճառով կհետաձգի տնտեսության համար կարեւոր ճյուղերի վերաբացումը:

  • Կիսվել: