երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Աղդամի, Գորիսի ճանապարհները պետք է բացվեն, որ մարդիկ շփվեն, պետք է փոխվստահություն ձեռք բերել. Սամվել Բաբայան (տեսանյութ)

Աղդամի, Գորիսի ճանապարհները պետք է բացվեն, որ մարդիկ շփվեն, պետք է փոխվստահություն ձեռք բերել. Սամվել Բաբայան (տեսանյութ)

Ալիևը երբ ասում է, որ Արցախի հետ չի երկխոսելու, կոնկրետ անձի անուն է տալիս, չի ասում՝ ընդհանրապես չի երկխոսելու, պետք է նյուանսներին ուշադրություն դարձնենք: Իրենք ասում են՝ ում հետ են ուզում երկխոսել, բայց երբ ես ասում եմ՝ երկխոսել, նկատի ունեմ, որ պետք է երկխոսել միայն տեխնիկական հարցերի մասին, ոչ թե քաղաքական: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը:

«Ադրբեջանը զորքը դրել, շրջափակել է, ասում է՝ կոնկրետ այս բաները պետք է անեք, ես ասում եմ՝ չի լինելու դա, կանաչ գոտի պետք է ստեղծել, հետո կխոսենք հասարակությանը ճնշող հարցերի մասին: Կաշենի հանքի մասին են խոսում, մենք ասում ենք ՝ գործարան ենք դնում, հումքից վերջնական ապրանք ենք ստանում, վաճառում ենք, որ ժողովուրդը աշխատանք ունենա, համաձայն ենք նման քայլերով գնալ առաջ: Ադրբեջանը ասում է՝ Աղդամից ճանապարհ, մենք ասում ենք՝ Աղդամից և Գորիսի կողմից պետք է ճանապարհները բաց լինեն, որ մարդիկ կարողանան շփվեն և կարողանան լուծել այն խնդիրները, որոնք կան: Այսինքն՝ եթե փոխվստահություն ձեռք չբերենք, անիմաստ է քաղաքական բանակցություններ վերսկսելը: Քաղաքական ղեկավարությունը վախենում է երկխոսությունից, որ պատասխանատվությունից խուսափի, վախենում է սեփական ժողովրդի հետ ճշմարտությունից խոսել»,- ընդգծեց Բաբայանը:

Բաբայանը համոզված է, որ մինչև Ադրբեջանի հետ երկխոսություն չսկսվի, Լաչինի միջանցքը չի բացվելու, որևէ միջազգային հանրություն, գերտերություն չի կարողանալու այն բացել: «Եղունգ ունենք, գլուխներս պետք է քորենք, երկխոսելու համար մեզ երրորդ կողմ պետք չէ, երրորդ կողմին բերում ենք, որ իր հարցերը մեյդան բերի՞: Աղդամով չենք ասում ճանապարհ տրամադրվի, Աղդամի հետ սահման ունենք, մի շարք խնդիրները կլուծենք հենց սահմանի բերանին: Բաքուն ասում է՝ առևտուր արեք մեզ հետ, ես էլ ասում եմ՝ ստիպողական չի լինի, պետք է նստենք, խոսենք: Շահավետ չէ Արցախի համար, որ Ադրբեջանի հետ առևտուր իրականացվի, բայց ստեղծված իրավիճակում պետք է ելք գտնել: Ասկերանի շրջանի սահմանի բերանին մենք կկարգավորենք մեր հարցերը, պետք է բանակցենք՝ իրենք իրենց առաջարկն անեն, մենք՝ մերը, ամեն ինչ չեմ կարող բաց ասել»:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: