հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աղազարյանը դժգոհեց ԱԺ նախագահությունից

Աղազարյանը դժգոհեց ԱԺ նախագահությունից

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դժգոհեց, թե ինչու է ԱԺ նախագահությունը թույլ տալիս պատգամավորներին շեղվել նիստերի օրակարգից: Փոխնախագահ, նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց՝ չպետք է բռնապետական կարգեր հաստատեն:

ԱԺ նիստում Աղազարյանը հիշեցրեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի մասին, որտեղ հստակ նշված են նիստը վարելու կանոնները:

Դիմելով նիստը վարող Ռուբեն Ռուբինյանին՝ նա համոզմունք հայտնեց՝ Ռուբինյանը վստահ է, որ ինքը պարտաճանաչ, պատասխանատու մարդ է և կարգապահ պատգամավոր:

«Եվ, փառք Աստծո, ես միակը չեմ: Բայց դուք մեզ շահագործում եք: Դուք, ԱԺ նախագահը և մյուս փոխխոսնակները մեզ շահագործում եք. Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ շեղվեն քննարկվող հարցի էությունից: Նայեք օրենքը և արգելեք այդ ամենը: Դա բերում է լրացուցիչ լարվածության»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ կարևորագույն օրենքի նախագծեր են քննարկվել, և դրանց մասին շատ քիչ բան է ասվել: Ըստ նրա՝ օրակարգից շեղվելու արդյունքում օրենքների ընդունման որակն է ընկնում: «Արգելեք, խնդրում եմ, կոչ եմ անում ձեզ՝ հարգեք մյուսներին և թույլ մի տվեք, որ պատգամավորները շեղվեն քննարկվող հարցից»,-ասաց Աղազարյանը:

Պատգամավորի ելույթին արձագանքելով՝ ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը համաձայնեց՝ շատ լավ կլիներ, որ բոլոր պատգամավորները խոսեին ըստ օրակարգի հարցի:

«Եվ կոչ եմ անում բոլոր պատգամավորներին վարվել այդպես: Բայց նաև չեմ կարծում, որ այստեղ պետք է բռնապետական կարգեր հաստատենք, կարծում եմ՝ փորձում ենք հնարավորինս լիբերալ լինել այս առումով և թողնել, որ պատգամավորները կարողանան արտահայտվել»,-ասաց Ռուբինյանը:

«Հայաստան»-ից Արամ Վարդևանյանն Աղազարյանին հարցրեց, թե արդյոք նա նախկինում հետևել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթներին՝ օրենքի նախագծերի վերաբերյալ, այլ հարցերի վերաբերյալ:

Աղազարյանն արձագանքեց, որ իհարկե հետևել է:

«Եվ ինձ միշտ էլ թվացել է, որ նրանք, որոնք թույլ են տվել այդպիսի բաներ, ոչ միայն Փաշինյանի պարագայում, դա արել են՝ իրենց այս կամ այն քայլը հետո հիմնավորելու համար նաև: Մենք չենք ասում, որ մեզնից յուրաքանչյուրն, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանն, անսխալական են եղել»,-ասաց նա:

  • Կիսվել: