ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջանը փորձում է տապալել գործընթացը՝ հիմքեր նախապատրաստելով ԼՂ-ի և ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի համար. Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է տապալել գործընթացը՝ հիմքեր նախապատրաստելով ԼՂ-ի և ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի համար. Աբրահամյան

Հայաստանի ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ռուսական հումանիտար օգնությունը Արցախ հասցնելու գործընթացը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի նկատմամբ ագրեսիայի համար:

Աբրահամյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

 «Ռուսական կողմից ներկայացված վերջին տարբերակը եղած տարբերակներից եղել է ամենակոմպրոմիսայինը: Դա ոչ թե ենթադրում էր ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ի, ադրբեջանական հումանիտար բեռի, այլ ռուսական Կարմիր Խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատարի մուտք, դրանից հետո՝ Լաչինի միջանցքի երթևեկության վերականգնում: Երթևեկության վերականգնումն այս փուլում չէր ենթադրում երկկողմանի ազատ տեղաշարժի իրականացում, ինչն ունեցել ենք մինչև ապրիլի 23-ը, երբ ադրբեջանական անցակետ տեղադրված չէր, այլ վերաբերում էր ռուսական խաղաղապահների կողմից Գորիսից Ստեփանակերտի բեռների տեղափոխությանը: Առաջարկը ներկայացվել է որպես նաև Ադրբեջանի կողմից համաձայնեցված տարբերակ: Բայց ավելի ուշ Ադրբեջանը փաստացի անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ, ներկայացրել նոր պահանջներ, այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում և ռուսական ուղեբեռից բացի, նաև ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ի բեռնատարների մուտք դեպի Արցախի Հանրապետության տարածք: Սա, իհարկե, ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների կողմից, այդ մասին տեղեկացվել է ռուսական կողմը»,-ասաց Աբրահամյանը՝ այս փուլում այդ գործընթացը ձախողված համարելով:

Պատգամավոր դժվարացավ ասել, թե արդյոք այդ առաջարկի հետ կապված նոր զարգացումներ կլինեն, թե ոչ: Ըստ նրա՝ Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու, բայց կան կոնկրետ սկզբունքներ, որոնք որևէ պայմանում չեն խախտվելու:

Խոսելով պատճառներից՝ Աբրահամյանը չբացառեց, որ սրանում կա նաև աշխարհաքաղաքական որոշակի ազդեցություն: Սա եղել  է ռուսական առաջարկը: Եվ պատգամավորը չի բացառվում, որ Թուրքիան կամ այլ դերակատարներ՝ Թուրքիայի միջոցով, փորձել են տապալել այդ գործընթացն Արցախում՝ հաշվի առնելով, որ կան տարբեր առաջարկներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից ևս:

«Երկրորդ հանգամանքն այն է, որ, իմ տպավորությամբ, Ադրբեջանը փորձում է տապալել այս գործընթացը, դրանով հիմքեր նախապատրաստել Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի համար: Իհարկե, Ադրբեջանին չհաջողվեց ցույց տալ, թե այս իրավիճակում բանակցային գործընթացը տապալողն Արցախի իշխանություններն են: Բոլոր դերակատարների համար հստակ է, նաև եղան հայտարարություններ, որ իրականության մեջ Ադրբեջանն է հետ կանգնել նախապես պայմանավորված այդ առաջարկից և հետագայում ստեղծել է պայմաններ, որոնց Արցախի իշխանությունները չէին կարող իրենց համաձայնությունը տալ»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ այս պահին Արցախում հումանիտար իրավիճակը ծայրահեղ փուլում է, մոտենում է պիկին:

  • Կիսվել: