շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել. Արարատ Միրզոյան

Բազմաթիվ են վկայությունները՝ հայ ռազմագերիների հանդեպ կիրառվող անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի ու կտտանքների մասին, ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս դեպքերը փաստագրված են տարբեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ «Human Rights Watch»-ի կողմից։ Մեզ մոտ առկա են նաև փաստագրված տեսանյութեր և լուսանկարներ, որոնք վկայում են այդ անձանց գերեվարված լինելու մասին, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գոյությունը։

Նրանք կարող են արտադատական մահապատժի ենթարկված լինել, պահվել ընդհատակյա բանտերում կամ մարդկային օրգանների թրաֆիքինգի զոհ դարձած լինել։ Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել», - ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե քանի՞ ռազմագերի է պահվում Ադրբեջանում և ինչպիսի՞ պայմաններում։

  • Կիսվել: