չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Ադրբեջանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է «խաղաղության» հասնել ուժի միջոցով. Ալիև

Ադրբեջանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է «խաղաղության» հասնել ուժի միջոցով. Ալիև

Այսօր մենք բախվել ենք մի շարք միջազգային մարտահրավերների, մենք որոշակի թյուրըմբռնման ենք հանդիպել որոշ երկրների կողմից, որոնց գործընկեր ենք համարում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և մարտահրավերներ» խորագրով միջոցառմանը:

«Մենք նրանց ենք հասցնում մեր դիրքորոշումը եւ ընդգծում միջազգային իրավունքի կիրառման կարեւորությունը բոլոր երկրների հանդեպ։ Այն չպետք է ընտրովի լինի»,- նշել է նա:

Նա հայտարարրել է, որ Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես կարելի է «խաղաղության» հասնել ռազմական ուժի միջոցով:

«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում։ Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով», - ասել է Ալիևը:

««Օկուպացիայի» ժամանակ Մինսկի խմբի համանախագահները  եկան միաձայն կարծիքի, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք ապացուցեցինք, որ երեք երկիրն էլ սխալվել են։ Չնայած իրենց պետականության պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին։ Սա սխալ գնահատական էր։ Սա մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե փորձես ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, հաջողության չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունի։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ», - ասել է Ալիևը։

Ալիեւը տեղեկացրել է, որ Ադրբեջանը լուծել է «բոլոր հարցերը»՝ Արցախի հայերի էթնիկական զտումն անվանելով «Ադրբեջանի իրավունք»։

Ալիեւը, որն ավելի քան 100 հազար հայերի հարկադրել է հեռանալ իրենց հայրենիքից, փորձել է նաեւ պարծենալ, որ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ իբր «խաղաղ բնակչության շրջանում ոչ մի կորուստ չի եղել»։

  • Կիսվել: