երեքշաբթի, օգոստոս 16
16 / 8 / 2022
Ադրբեջանը չի արձագանքել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին. վարչապետ

Ադրբեջանը չի արձագանքել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին. վարչապետ

Այսօր նախատեսված էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպում, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցելուց: Այդ մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասուլիսի ամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Իմ գնահատականը մեկն է՝ դա արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար: Մենք իլյուզիաներ չունենք Ադրբեջանի խորքային նպատակների և մտադրությունների մասին, բայց նաև առավել ևս այդ պարագայում մեզ համար առավել սկզբունքային և կարևոր է խաղաղության օրակարգի հետևողական, համբերատար առաջ մղումը: Եվ բազմիցս եմ ասել, որ այս ճանապարհին մեզ պետք են ամուր նյարդեր, հավասարակշռվածություն, մաքսիմալ ոչ էմոցիոնալ վիճակ՛՛,-ասաց վարչապետը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա:

Ըստ նրա՝ Ադրբեջանը մինչև ասուլիսի մեկնարկը չի արձագանքել արդեն ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին:

Խոսելով հայ-ադրբեջանական բանակցային փաստաթղթերի մասին՝ վարչապետն ասաց, որ այս պահին սեղանին, բացի հրապարակվածից, որևէ այլ փաստաթուղթ չկա:

Վարչապետն անդրադարձավ նաև խաղաղության բուն պայմանագրին և դրա ժամկետներին: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Դա շատ կարևոր հարց է, որովհետև մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, այդ հարցը մի քանի անգամ քննարկել ենք և արձանագրել ենք, որ դեռ պետք է մեկտեղվեն պատկերացումները, թե ինչ ձևաչափով, ինչպիսի տեմպով, ընդհանրապես, խաղաղության պայմանագիրը ինչ դրույթներ պետք է ներառի, և պետք է ասեմ, որ շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը: Որպեսզի դետալների մեջ շատ չխորանամ, պետք է ասեմ, որ այդ հայտարարություններից հետո ՀՀ ԱԳՆ-ից առաջարկ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ, որպեսզի տեղի ունենա ԱԳ նախարարների հանդիպում, և նրանք փորձեն պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա ընթացքի վերաբերյալ՛՛:

Նախորդ քննարկումների արդյունքում, Փաշինյանի խոսքով, որոշվել է, որ Հայաստանի և Ադրրբեջանի պաշտոնյաները միմյանց հետ կապի մեջ պետք է լինեն և պետք է շփումներ ունենան, որպեսզի հետագա աշխատանքները կազմակերպեն, բայց Ադրբեջանը արդեն առնվազն մեկ անգամ բոյկոտել է աշխատանքը և չի ներգրավվել աշխատանքներում, և նախորդ օրվա՝ ԱԳՆ-ի կողմից հնչած առաջարկին պատասխան չի ստացվել:

  • Կիսվել: