հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն. Մարինա Կալյուրանդը` Փաշինյանի հետ հանդիպմանը

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն. Մարինա Կալյուրանդը` Փաշինյանի հետ հանդիպմանը

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը` հավելելով, որ կշարունակի բարձրաձայնել այդ խնդիրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Երկուստեք ընդգծվել է ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:
 
«Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության հետ տարբեր ձևաչափերով գործընկերության սերտացումը, և այս հարթակը ևս կարևոր ձևաչափ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
 
Նա իր երախտագիտությունն է հայտնել Կալյուրանդին՝ 2020թ. պատերազմից հետո Եվրոպական խորհրդարանում հայկական կողմի համար նպաստավոր հայտարարություններով հանդես գալու, ներառյալ հայ ռազմագերիների վերադարձի խնդրին անդրադառնալու համար:
 
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Վարչապետն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում:

Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ։

  • Կիսվել: