չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական, խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային հումանիտար իրավունքը․ Ռուբինյան

Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական, խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային հումանիտար իրավունքը․ Ռուբինյան

Մեր պատվիրակությունն իր առաջ դրած խնդիրը կատարել է, այն է՝ շարունակել մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, մասնավորապես, ԵԽԽՎ շրջանակներում, և այսպիսով փորձելով հասնել մեր խնդրի լուծմանը։ Այս մասին ասուլսիում հայտարարեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Անդրադառնալով ԵԽԽՎ վերջին լիագումար նիստի օրակարգում հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցի ընդգրկմանը, նա նշեց․

«Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական, խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային հումանիտար իրավունքը՝ չվերադարձնելով հայ ռազմագերիներին: Եվ մեր տղաների վերադարձին հասնելու միակ ճանապարհը միջազգային ճնշման մեծացումն է: Իսկ միջազգային ճնշում ասելով նկատի ունեմ լայն գործընթաց, որը չի սահմանափակվում մեկ-երկու քայլով կամ մի քայլերով մի տեղում: Սա համապարփակ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր միջազգային ատյաններում, բոլոր հնարավոր երկկողմ հարաբերություններում, և ես վստահ եմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի հասնել մեր նպատակին»,- ասաց Ռուբինյանը:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից Տաթևիկ Հայրապետյանն էլ կարևորեց ռազմագերիների օր առաջ ազատ արձակման համար միջազգային ճնշման առումով խորհրդարանական դիվանագիտության հարթակների օգտագործումը:
 
«Գերիների վերադարձի համար այդ քայլերը պետք է լինեն համառ, և պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Ալիևի համար գերիներին օր ավել պահելը լինի գլխացավանք»,- ասաց նա:

  • Կիսվել: