չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ձեռք բերած պայմանավորվածությունների անպատիժ խախտումները նրան քաջալերում են նոր խախտումներ իրականացնել։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ նման մի հրեշավոր սադրանք էլ երեկ տեղի ունեցավ, երբ ադրբեջանական կողմը նպատակային կրակոցով սպանեց ՀՀ զինծառայող Արշակ Սարգսյանին։
 
«Ցավակցություն հայտնելով ժամկետային զինծառայողի ծնողներին՝ միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա: Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի պետական մակարդակով վարվող «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի շարունակական` ՀՀ գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը։
Բացի այդ, Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և Հայաստանում ազգային փոքրամասնություններ չկան: Ըստ նրա` սա ՀՀ-ի ներքին գործերին կոպիտ միջամտություն է, բացի այդ ՀՀ-ում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, նաև նրանք ներկայացված են ԱԺ-ում:
 
«Եթե սա միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ոչ միայն ընդդիմության, այլև ազգային փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ: Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող լիդերների սպանությունների, բանտարկությունների մասին պատմող նյութերով հեղեղված է միջազգային մամուլը, ընդ որում, շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները, խոշտանգումների ենթարկված ակտիվիստները կամ սպանվածների հարազատները»,–հավելեց Փաշինյանը։
 
Նա ամփոփեց, ասելով, որ խաղաղության պայմանագիր լինելու է, և այն լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

  • Կիսվել: