հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում. ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն Արման Թաթոյանն անդրադարձել է  Ալիևի՝ ապրիլլի 27-ի հայտարարություններին՝ ընդգծելով, որ դրանք պետք է դիտարկել հայատյացության ադրբեջանական շարունակվող քաղաքականության, կյանքի ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, այն վայրագությունների լույսի ներքո։ ՄԻՊ հաղորդագրության մեջ ասվում է․

«Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 27-ին հայտարարել է. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արևելյան Զանգեզուրի մաս է կազմում և գտնվում է Արևելյան Զանգեզուրում։ Արևմտյան Զանգեզուրը [նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը] ևս մեր պատմական հողն է և այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադիր է համարում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունները դիտարկել հայատյացության ադրբեջանական շարունակվող քաղաքականության, կյանքի ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, այն վայրագությունների լույսի ներքո, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո:

Ակնհայտ է, որ այս հայտարարությունները լարվածություն են առաջացնում հայաստանյան հասարակությունում, խաթարում են խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու հոգեկան անդորրը, նպատակ ունեն ահաբեկել մարդկանց, հատկապես` սահմանային բնակավայրերում:

Այս արձանագրումները բխում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված քաղաքացիների ահազանգերից ու դիմումներից:

Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները, որ վերաբերում են Հայաստանի ինքնիշխան Հանրապետությանը և պատմական փաստերի բացահայտ աղավաղում են, խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում:

Դրանք պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, որպեսզի կանխվեն, և առաջ չգան մարդու իրավունքների համար ավելի ծանր հետևանքներ»:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

  • Կիսվել: