ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի միակողմանի գործողությունները իրական սպառնալիք են միջազգային խաղաղության համար. փոխնախարարի ելույթը

Ադրբեջանի միակողմանի գործողությունները իրական սպառնալիք են միջազգային խաղաղության համար. փոխնախարարի ելույթը

Կորեայի Հանրապետությունում կայացած Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄ նախարարության ֆեյսբուքյան էջում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը 2022 թվականի սեպտեմբերի 12-17-ը գործուղվել Կորեայի Հանրապետություն (Ինչոն քաղաք)՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին մասնակցելու նպատակով։

Համաժողովին մասնակցել են փոխվարչապետեր, նախարարներ, փոխնախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ 60 երկրից՝ շուրջ 500 մասնակից։ Համաժողովի նպատակն էր քննարկել և լուծումներ փնտրել, թե ինչպես բարձրացնել կլիմայական ներդրումների արդյունավետությունը համաշխարհային տնտեսական աճող ճնշումների և անորոշության պայմաններում:

Իր ելույթի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից հրետանու և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների ուղղությամբ իրականացրած լայնածավալ հարձակմանը։

Նախարարի տեղակալը նշել է այն աղետալի հետևանքները, որոնց հանգեցրել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները։

«Ադրբեջանի գործողությունները բացահայտ խախտում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և մասնավորապես նրա 2-րդ և 33-րդ հոդվածները, որոնք սահմանում են, որ բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից:

Ադրբեջանի միակողմանի գործողությունները իրական սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար և արժանի են միջազգային հանրության ուժեղ և ժամանակին արձագանքին»,-նշել է նախարարի տեղակալը։

  • Կիսվել: