կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանի հետ որևէ համաձայնության գալուց առաջ պետք է լինի դրա ապահովման երաշխիք. ընդդիմադիր պատգամավոր

Ադրբեջանի հետ որևէ համաձայնության գալուց առաջ պետք է լինի դրա ապահովման երաշխիք. ընդդիմադիր պատգամավոր

 Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր    Արթուր Խաչատրյանը պնդում է, որ Ադրբեջանի հետ որևէ համաձայնության գալուց առաջ պետք է ունենալ այդ համաձայնության ապահովման երաշխիք: Խաչատրյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով մինչև այժմ Ադրբեջանի կողմից գերիներին չվերադարձնելուն՝ չնայած վերջին համատեղ հայտարարությանը։

Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո, խախտելով այդ համաձայնությունը, ապօրինաբար գերեվարել է հայ զինվորների՝ արհամարհելով տարբեր երկրների ղեկավարների, միջազգային կառույցների կոչերը:

«Դրանից բացի քաղաքական զիջում է պահանջում Հայաստանից: Եկեք ընդունենք, որ Ադրբեջանում այդ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի («COP29») անցկացումը բավականին մեծ քաղաքական դիվիդենտ է տալու Ադրբեջանին: Եվ դեռ դա ցույց է տալիս իբր բարեգթության ժեստ»,-ասաց պատգամավորը:

Խաչատրյանը շեշտեց, որ, չնայած պայմանավորվածությանը, Ադրբեջանն արդեն 7 օր է գերիներին չի վերադարձնում: «Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ որևէ համաձայնության գալուց առաջ պետք է լինի այդ համաձայնության ապահովման երաշխիք, երաշխիքների ինստիտուտ»,-ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը պահանջում է դեմ առ դեմ բանակցություններ, որպեսզի չլինի երաշխիք, որպեսզի կարողանա խոսքը ցանկացած ձևով շրջել:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ընդգծեց՝ բոլորի ցանկությունն է, որ բոլոր գերիները շուտափույթ հետ վերադարձվեն, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

«Իմ կարծիքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ժեստը կատարելու, որպեսզի խաղաղության փաստաթղթին երկու երկրների հարաբերությունների ձևավորման ընթացքին համապատասխան արագություն հաղորդվի»,-ասաց Օհանյանը:

  • Կիսվել: