Ադրբեջանի հետ գազային գործարքը կոտրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունը. ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ
Գերմանական Junge Freiheit թերթը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի, երկրի վրա Ադրբեջանի հարձակման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով՝ մեջբերելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խոսքերն այն մասին, որ ԵՄ հանձնաժողովի՝ Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը մեծ սխալ է, այն ոչնչացրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունն իրենց հանդեպ:
Հոդվածագիրը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, մեկտեղ կրկին շեշտել, որ սեպտեմբերին ադրբեջանցի զինվորականները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, այդ թվում՝ Սյունիքի սահմանամերձ Գորիս քաղաքը: Արկերը բախվել են նաև մարդկանց տներին, այդ թվում՝ Էդգար Սալբունցի տանը:
Հոդվածի հեղինակը հիշատակել է նաև Եռաբլուրն՝ ընդգծելով, որ այնտեղ հուղարկավորված են մարդիկ, որոնք իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի, այդ թվում՝ երկիրը սեպտեմբերին ադրբեջանական ներխուժումից պաշտպանելու ժամանակ:
«Զոհված զինվորների շիրիմներից տեսարան է բացվում դեպի հզոր Արարատ լեռը, որտեղ, ըստ Աստվածաշնչի, ջրհեղեղից հետո իջել է Նոյի տապանը: Քրիստոնեությունը խորապես արմատավորված է երկրում, և Հայ առաքելական եկեղեցին քրիստոնեական հնագույն ուղղություններից մեկն է աշխարհում»,-նշվում է հոդվածում:
Հատկանշական է, որ հոդվածում շեշտվում է, որ ժամանակին Հայաստանը ձգվել է ներկայիս Արևելյան Թուրքիայի տարածքների վրա և իր ծաղկման շրջանում հասել է Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովի արևելք: Բայց նույնիսկ հին ժամանակներում երկիրը հայտնվել է երկու մեծ կայսրությունների՝ արևմուտքում՝ Հռոմեական կայսրության և արևելքում՝ Պարսկական կայսրության միջև: Իսկ հիմա երկիրը վաղուց կորցրել է իր ելքը դեպի ծով և շրջափակված է տոտալիտար ռեժիմներով:
Լարս Պատրիկ Բերգը նշել է, որ Գերմանիան մինչև այժմ չի ցանկանում ներգրավվածություն ունենալ Հարավային Կովկասում: Այնուամենայնիվ, տարածաշրջանը, որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ, ունի աշխարհաքաղաքական նշանակություն: «ԵՄ-ն պետք է ակտիվանա: Եվրամիության հանձնաժողովի՝ Ադրբեջանի հետ գազային գործարքը կոտրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունը»,- ընդգծել է Բերգը։
ԵԽ պատգամավոր Փիթեր վան Դալենը ևս նույն կարծիքին է: «Կարծում եմ՝ Ադրբեջանի հետ գազային գործարքը մեծ սխալ է»,-նկատել է նա:
ԵԽ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն նույնպես կոչ է անում ուժեղացնել ԵՄ ջանքերը՝ հակամարտությունը դիվանագիտական միջոցներով լուծելու համար: