երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի համար զսպող գործոն չէ ընթացող բանակցային գործընթացը. ֆրանսիացի սենատորները` Ալեն Սիմոնյանին

Ադրբեջանի համար զսպող գործոն չէ ընթացող բանակցային գործընթացը. ֆրանսիացի սենատորները` Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետ համատեղ աշխատանքային քննարկում է իրականացրել, որը նախագահել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին այցի և հանդիպման կազմակերպման համար:

Դիմելով հանդիպման մասնակից ֆրանսիացի գործընկերներին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ նրանց հավաքական ջանքերի շնորհիվ է Ֆրանսիայի Սենատը 2020 թվականի նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ աջակցությամբ ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձևը:

Նա հիշատակել է նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո, նույն տարվա նոյեմբերի 15-ին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը վերաբերող բացարձակ մեծամասնությամբ ընդունված ազդեցիկ բանաձևը և մի շարք այլ բանաձևեր ու փաստաթղթեր:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս տարվա ապրիլին Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության այցը Տեղ համայնք ահազանգի հնչեցում էր միջազգային հանրության համար և սթափության կոչ Ադրբեջանին:

Ֆրանսիացի սենատորները նկատել են, որ Ադրբեջանի համար զսպող գործոն չէ ընթացող բանակցային գործընթացը: Այս համատեքստում զրույց է ընթացել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին:

Հայ պատվիրակները նշել են, որ ակնկալում են եվրոպացի գործընկերներից հայ գերիների վերադարձի հարցն ուշադրության կենտրոնում պահելը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը: Հանդիպմանը ներկա սենատոր Մարիա-Արլետ Կարլոտին ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել իր համահեղինակած զեկույցը 44-օրյա պատերազմի վերաբերյալ` մատնանշելով, որ այդ պատերազմը պատմության մեջ երբևէ եղած ամենադաժաններից էր, որը նման չէր որևէ այլ ռազմական բախման և ուսումնասիրության հսկայական նյութ է պարունակում:

 

  • Կիսվել: