երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի դիրքորոշումը չի համապատասխանում «Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով այդ երկրի դիրքորոշմանը. Սալոնիդիս

Ադրբեջանի դիրքորոշումը չի համապատասխանում «Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով այդ երկրի դիրքորոշմանը. Սալոնիդիս

«ՀՀ-ն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանը նախնական առարկություն է ներկայացրել, որը, ըստ ՀՀ շահերի պաշտպան Կոնստանտինոս Սալոնիդիսի, ենթակա է մերժման:

Ադրբեջանի առարկությունները մերժելու մասով հիմնավորումները ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելիս Սալոնիդիսը նախ մեջբերեց Ադրբեջանի առարկությունները: Ըստ այդմ՝ Ադրբեջանը 3 փաստարկ է ներկայացնում՝ հիմնավորելու, որ կողմերը երբևէ բանակցություններ չեն իրականացրել, երկրորդ, թե իբրև Հայաստանը երբեք իրական և անկեղծ փորձ չի արել բանակցելու, և երրորդ, որպես այլընտրանք՝ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը հնարավորինս ջանքեր չի գործադրել այդ բանակցություններում:

Ադրբեջանի առարկության մասով առաջին փաստարկին անդրադառնալով՝ զեկուցողը նշեց. «Չի վիճարկվում այն փաստը, որ նախքան Հայաստանի գանգատը ներկայացնելը կողմերն ավելի քան 40 անգամ նամակագրություն են փոխանակել, և 7 փուլվ երկկողմ հանդիպումների են մասնակցել 10 ամսվա ժամանակահատվածում՝ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը: Ադրբեջանը պնդում է, թե 7 ամսվա ընթացքում կողմերն իրականացրել են «նախաբանակցություններ», և թե այդ «նախաբանակցությունները»՝ կոնվենցիայի 22-րդ հոդվածի իմաստով, չեն մտնում բանակցությունների սահմանման մեջ, և Ադրբեջանը պնդում է, որ դա այդպես է, քանի որ այդ «նախաբանակցությունները» վեճի բուն էությանը չեն անդրադառնում: Բայց կողմերի միջև շփումների կտրատելը և մասնատելը դատարանի իրավական պրակտիկայի որևէ նախադեպով չի հիմնավորվում: Ադրբեջանը պնդում է, թե ընթացակարգային և տեխնիկական քննարկումները դատարանի սահմանման համաձայն չեն կարող դիտարկվել որպես բանակցություններ, բայց Ադրբեջանը որևէ փաստարկով չի հիմնավորում այս պնդումը:

Դատարանը երբեք չի ասել, որ բանակցությունները չեն ներառում ընթացակարգային և տեխնիկական փոխանակումները, եթե դրանք արվում են վեճը լուծելու նպատակով»,- ասաց նա:  

Ըստ զեկուցողի՝ եթե դատարանն ընդուներ Ադրբեջանի պնդումը, դա կնշանակեր, որ ցանկացած պատասխանող պետություն կարող էր դիմող պետությանը անվերջ ներքաշել տեխնիկական և ընթացակարգային հարցերի անավարտ քննարկման մեջ՝ այդ կերպ խուսափելով վեճի լուծումից դատարանի իրավազորության ներքո, ուստի Ադրբեջանի՛ և ո՛չ Հայաստանի դիրքորոշման պատճառով է իմաստից և նշանակությունից զրկվում կենվենցիայի 22-րդ հոդվածը:

Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ պնդեց, թե ընթացակարգային և տեխնիկական հարցերի 7 ամսվա քննարկումները կարող են երկարաժամկետ թվալ կամ տևական թվալ: Ինչո՞ւ. որովհետև դա իսկապես տևական ժամանակ է, և շատ ավելի երկար կտևեր, եթե Հայաստանը յուրաքանչյուր անգամ չընդուներ Ադրբեջանի խնդրանքները և չկատարեր Ադրբեջանի խնդրանքները:

Ադբեջանի առաջին իսկ նամակից սկսած՝ պարզ է դարձել Հայաստանին, որ Հայաստանը ստիպված կլինի Ադրբեջանի հայելային պահանջները քննարկել Հայաստանի պահանջներին զուգահեռ: Ակնհայտ է դարձել նաև, որ եթե Հայաստանն ուզում է, որ բանակցություններն առաջ շարժվեն, Հայաստանը ստիպված կլինի ընդունել Ադրբեջանի թելադրանքը բանակցությունների ժամկետների, վայրի և ձևաչափի հարցերում: Անցել էր 3 ամիս, և Ադրբեջանը պնդում էր արդեն, որ լրացուցիչ քննարկումների անցնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է համաձայնեցնել բանակցությունների ձևաչափը, հետո՝ բանակցությունների շրջանակը, և հետո միայն 3,5 ամիս քննարկել ընթացակարգային ձևաչափը և բանակցությունների շրջանակը»,- ասաց նա:

Զեկուցողը նաև նկատեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը չի համապատասխանում «Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով այդ երկրի դիրքորոշմանը, որին Բաքուն հստակորեն անդրադարձել է հենց այդ նույն քննարկումների, փաստաթղթերի քննարկումների և հանդիպումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել ընթացակարգային հարցերի վերաբերյալ, և ասել, որ դրանք բանակցություններ են:

«Հենց իր գործով Ադրբեջանը պնդել է, որ դրանք նախաբանակցություններ չեն, և Ադրբեջանը հիմք չունի «Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով դրանք որակել որպես բանակցություններ, իսկ այս գործով դրանք որակել որպես «նախաբանակցութուններ»:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը չի վիճարկում այն հանգամանքը, որ սույն գործով բանակցելու նախապայմանը կատարված է:

Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ բանակցությունների մեջ չի կարող չներառվել ընթացակարգային և տեխնիկական հարցերի վերաբերյալ փոխանակումը, եթե դրա նպատակը եղել է վեճի լուծումը: Այս պարագայում դա հատկապես այդպես է՝ հաշվի առնելով Ադրբեջանի՝ ջուրը պղտորելու մարտավարությունը»,- ասաց Սալոնիդիսը:

  • Կիսվել: