ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որակել է «ապատեղեկատվություն»

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որակել է «ապատեղեկատվություն»

Ադրբեջանի արտքաին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության այսօրվա հայտարարությանը՝ հայտարարելով, թե մերժում է այն։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Ադրբեջանի ԱԳՆ-ն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ նշելով, որ այն «չի համապատասխանում իրականությանը»։

«Նման հայտարարություններով հայկական կողմը նպատակ ունի արհեստական լարվածություն ստեղծել սահմանամերձ շրջաններում և գրավել երրորդ երկրների ուշադրությունը։

Ադրբեջանն իր հերթին կշարունակի իր խաղաղարար և ստեղծագործ ջանքերը հետհակամարտային փուլում և վճռականորեն կհակազդի այս գործընթացի դեմ ուղղված ցանկացած քայլի»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանի մահվան միջադեպին, հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։

«Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: