երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Աբրահամ Մանուկյանին կալանավորելու նպատակը Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունքներ կորզելն է. Նաիրա Զոհրաբյան

Աբրահամ Մանուկյանին կալանավորելու նպատակը Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունքներ կորզելն է. Նաիրա Զոհրաբյան

«Ցավում եմ, որ Աբրահամ Մանուկյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվեց կալանքը, քանի որ նա բավականին լուրջ առողջական խնդիրներ ունի»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորմանը։

Նա հիշեցրեց, որ կա հստակ հանձնարարական, որ կորոնավիրուսի պայմաններում ռիսկային ու տարիքային խմբում գտնվող մարդկանց դեպքում պետք է ձեռնպահ մնալ կալանքը որպես խափանման միջոց կիրառելուց։

«Ցավոք սրտի, այո, Աբրահամ Մանուկյանի հանդեպ իրենք խափանման միջոց կիրառեցին կալանքը։ Ես վստահ եմ, այդտեղ այլ կարծիք չկա՝ նպատակը մեկն է, որպեսզի փորձեն պարոն Մանուկյանի վրա ճնշումներ գործադրելով՝ ցուցմունքներ կորզել Գագիկ Ծառուկյանի դեմ, ինչը վստահաբար չի ստացվելու այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկյանի դեպքում ասել, որ նա տվել է փող ու ասել՝ կգանք ձայն կգնենք, չի կարող լինել»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև նշեց, որ 124 քննիչներ հանված են իրենց այլ գործերից և կցված են միայն Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործը քննելուն:

«Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքն անհեթեթ է, և ես շարունակում եմ պնդել իմ այն համոզմունքը, որ սա քաղաքական հետապնդում է Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի հանդեպ։ Քայլում եմ՝ իրենք հետևս են, մտնում եմ գեղեցկության սրահ, ինձ ուղեկցում են։ Այն օրը խանութում կանացի պարագա էի գնում, ուզում էի շուռ գալ և ասել՝ հավանո՞ւմ եք։ Անլրջացրել են ամեն ինչ, բայց ես հումորս ու լավատեսությունս չեմ կորցնում  անգամ այս դեպքում»,- նշեց Նարիա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ԲՀԿ-ն ակտիվ համագործակցում է քաղաքական, հասարակական ուժերի հետ, և իրականությանը չեն համապատասխաոնւմ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ն այս կամ այն գործչի հետ խնդիրներ ունի:

Անդրադառնալով գույքահարկի բարձրացման մասին օրենքին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այն բավականին վտանգավոր և քաղաքացու դեմ ուղղված քայլ է։

«Սա մեծապես վնասելու է մեր հայրենակիցներին։ Ես ճանաչում եմ Կենտրոնում ապրող բազմաթիվ մտավորականների ընտանիքների, որոնք իրենց ծնողներից են ժառանգել բավականին մեծ բնակարաններ։ Հիմա այդ մարդիկ չեն աշխատում, թոշակառու են, և իրենց համար շատ դժվար է լինելու այդ գումարը վճարել։ Ես լսել եմ Հովիկ Աղազարյանի կոչը՝ ով չի կարողանում, ապա թող իր տունը ծախի ու գնա ծայրամասեր, ես սա համարում եմ ցինիկ վերաբերմունք մտավորականների հանդեպ, որոնք իրենց բնակարանները ժառանգել են իրենց ծնողներից, տատերի ու պապերից»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

  • Կիսվել: