ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԱԾ-ն գրեթե բնակվում է մեր տանը. Զոհրաբյան

ԱԱԾ-ն գրեթե բնակվում է մեր տանը. Զոհրաբյան

 

ԱԱԾ-ն գրեթե բնակվում է մեր տանը, իմ հեռախոսների մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նրանք ապրում են ինձ հետ միասին, իմ գործընկերների, հարազատների հետ միասին: Այս մասին։ Մի քրքրեք էլի իմ Ֆեյսբուքը, Սիգնալը, Մեսսինջերը և այլն: Ես ոչ մի բան չեմ խոսում այդ կապերով, եթե ինչ-որ մեկի հետ խոսելու բան ունեմ, փողոցում կարող եմ հանդիպել խոսել: Իզուր այդքան ռեսուրս ինձ վրա մի ծախսեք»,- նշեց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ իր ընկերներից մեկը, որ լուրջ մտավորական է, ռեժիսոր, ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ պատահաբար տեսել է իրեն փողոցում ու մոտեցել օգնելու համար:  Դրանից հետո, ըստ նրա, ԱԱԾ-ից կապ են հաստատել նրա հետ և հարցրել՝ արդյո՞ք Զոհրաբյանն իր ընկերն է, արդյո՞ք զանգահարում է նրան, էլի՞ զանգելու է: Նա դրական պատասխաններ է տվել։

 «Հետո հարցրել են՝ կարո՞ղ է մտաբերեք, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը Ձեզ ասե՞լ է, որ պլակատ բռնեք: Նկատի ունեն, որ գումար ենք տվել հայտնի մտավորականին, որ պլակատ բռնի: Նա ասել է՝ «մի հատ ինձ նայեք, ես նմա՞ն եմ, պլակատ բռնող մարդու»։ Հիմա, ինչպես ԱԱԾ-ն իր բոյեվիկ սյուժեում էր տարածել՝ «ընկած» մարդիկ են ման գալիս, որոնք ցուցմունք կտան, թե 2017-ի ընտրությունների ժամանակ մեզանից ինչ-որ մեկը, ինչ-որ կերպ շահագրգռել է որևէ ՀՀ քաղաքացու՝ ընտրակաշառք առաջարկելով։ Իմ մասով էլ են հնագիտական պեղումներ անում։ Ես չգիտեմ՝ նման մարդիկ պեղել են, թե ոչ, բայց քանի որ ԱԱԾ-ն նաև իմ մասով է նման պեղումներով զբաղված, հիմա ես բոնուս եմ տալիս հարգելի ԱԱԾ. մեծացրեք շրջանակը իմ դեպքում և հասեք առաջին 2007, 2012, 2018 թթ-ի խորհրդարական ընտրություններին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը նաև հավելեց.

«Եթե ԱԱԾ-ն կգտնի մոլորակի վրա գեթ մեկ «հոմո սափիենս», որ կկանգնի և փաստարկված կասի՝ Նաիրա Զոհրաբյանը որևէ մեկին գումար է տվել կամ խոստացել, կամ բոմբոներկա, «Պեպսի կոլա» և լահմաջո է տվել ու ասել՝ ձայն բեր ինձ կամ իմ կուսակցությանը, ես պատրաստ եմ ընդունել, որ դուք ճիշտ էիք, ես՝ սխալ։ Չի կարող այս երկրագնդի վրա լինել մեկ արարած, որ կարող է ասել, թե ես ձայնի դիմաց որևէ բան եմ տվել»։

Նա նաև ասաց, որ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, որտեղ առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու, գյուղեր են եղել, որ իրեն զրո ձայն են տվել, և անգամ «ԲՀԿ»-ի կողմից ներկայացված հանձնաժողովի անդամն իր օգտին չի քվեարկել. «Ինձ համար նվաստացուցիչ կլիներ, եթե ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում ես համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար՝ գումարի դիմաց»։

  • Կիսվել: