շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
94 կողմ ձայնով ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը

94 կողմ ձայնով ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը

Ազգային ժողովի արտահերթ նիստում 94 կողմ ձայնով ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը: Հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: 

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց, որ նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ գործող կարգավորումներով նախատեսված է շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորություն ավելացված արժեքի հարկ համարվող տնտեսվարող սուբյեկտների համար: Ասաց՝ գործող օրենսդրությամբ կանխավճարը հաշվարկելու համար հիմք է ընդունվում կա՛մ նախորդ տարվա շահութահարկի  գումարի 20 տոկոսը, իսկ եթե հարկ վճարողն ընտրել է շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակը, ապա հաշվարկը կատարվում է նախորդ եռամսյակի համար ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներով արտացոլված հարկման բազայով, որը կազմում է իրացման շրջանառության 2 տոկոսը:

Պողոսյանն ասաց, որ խնդիրն այն է, որ շահութահարկի կատարման այլընտրանքային եղանակի ընտրության հնարավորությունը սահմանված է մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը: 

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ շահութահարկ վճարողների շուրջ 10 տոկոսն է, որ մինչև մարտի 20-ը որոշում է կայացրել օգտվելու շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակով հաշվարկման հնարավորությունից: Այսօր շուրջ 7650 հարկ վճարողներ պարտավոր են կատարել շահութահարկի կանխավճարներ, որոնց շուրջ 700-ն է օգտվել  այս հնարավորությունից»,- ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարին տնտեսապես ավելի ակտիվ է եղել, պարտադրվում է, որ ընթացիկ տարում, որն աչքի չի ընկնում նույն տնտեսական ակտիվությամբ, կատարել շահութահարկի կանխավճարներ՝ հիմք ընդունելով նախորդ տարվա համեմատաբար մեծ շահութահարկի գումարները»,- ասաց նախարարի տեղակալը: 

Պողոսյանը նաև ընդգծեց, որ այդ պահանջի կատարումը կարող է հանգեցնել տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների: Ասաց՝  նախագծով առաջարկվում է լուծել այդ խնդիրը: Շեշտեց, որ նախատեսում է ավելի  նպաստավոր հարկային  միջավայր՝ տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն ընթացակարգերով  հաշվարկել շահութահարկի պարտավորությունները: 

Պողոսյանի խոսքով՝ կարևոր է, որ հասցնեն օրենսդրական փոփոխությունը կատարել, որպեսզի ուժի մեջ մտնի մինչև հունիսի 20-ը, որը երկրորդ անգամ կանխավճարի կատարման վերջնաժամկետն է: Ասաց՝ եթե չհասցնեն այդ ժամկետում վերանայել և ուժի մեջ մտցնել նոր օրենսդրական կարգավորումը, ապա կստացվի, որ երկրորդ եռամսյակի համար կանխավճարը պետք է կատարվի նախորդ կանոններով որոշվող չափով:

 

  • Կիսվել: