74 կողմ ձայներով ԱԺ-ն օրակարգ ընդգրկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած նախագիծը
ԱԺ գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկությանը վերաբերվող օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը, ըմդգրկվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ։
Հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է արտահայտվել նախագծին, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորը` ձեռնպահ, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանը դեմ է քվեարկել:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը՝ նշեց, որ հաշվի առնելով նախագծի կարևորությունը և այն, որ ՀԿ-ների գործունեությունը պետք է հասանելի ու հաշվետու լինի հանրությանը, առաջարկում են, որ կողմ քվեարկեն նախագծին` լիագումար նիստում այն քննարկելու համար։
Նրա խոսքով՝ ՀԿ ներկայացուցիչների հետ ՊԵԿ-ը քննարկումներ ունեցել է, մեծ հաշվով բողոքներ չեն եղել նախագծի հետ կապված:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագիծը օրակարգ մտցնելուն: Իսկ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կհրավիրեն ՀԿ ներկայացուցիչներին և կքննարկեն նրանց հետ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ նշեց, որ նախագծով անհարկի ավելացվում է ՀԿ-ների բեռը և ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու հարցը օրակարգ մտցնելուն:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ իրենք ևս դեմ են քվեարկելու:
Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Գործող կարգավորմամբ կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուրն են հանդիսացել հանրային միջոցները:
Այսպիսով, նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ` 38 պատգամավոր: Որոշումն ընդունվեց: