ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
3+3 ձևաչափում ՌԴ-ի ներգրավվածությունն այն կարևոր է դարձնում նաև ՀՀ–ՌԴ հարաբերությունների կառուցողական տրանսֆորմացիայի համար. ՔՊ

3+3 ձևաչափում ՌԴ-ի ներգրավվածությունն այն կարևոր է դարձնում նաև ՀՀ–ՌԴ հարաբերությունների կառուցողական տրանսֆորմացիայի համար. ՔՊ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը ցույց տվեց իր արդյունավետությունը՝ թույլ տալով կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը կորդեգրվի որպես ռազմավարություն, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերությունների անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը։ Այս մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում:

Նշվում է, որ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի  Տարածաշրջանացումը, որի առանցքային նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունի կարևոր նշանակություն, և Կուսակցությունը գնալու է այս ճանապարհով։ 

«Այս համատեքստում տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում և՛ TRIPP նախագծի կյանքի կոչումը, և՛ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, ոչ միայն է՛լ ավելի կամրապնդեն տարածաշրջանում խաղաղությունը և համագործակցությունը, այլև այն կվերածեն արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ փոխկապակցվածության կարևոր հանգույցի՝ Խաղաղության խաչմերուկի:

Տարածաշրջանացման  գործնականացման համար կարևորում ենք նաև 3+3 ձևաչափի հետագա զարգացումը, և Հայաստանի Հանրապետությունը նպաստելու է դրան։ Ձևաչափում Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությունն այն կարևոր է դարձնում նաև ՀՀ–ՌԴ հարաբերությունների կառուցողական տրանսֆորմացիայի համար ևս։ 

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է նաև Տարածաշրջանացում–2 հայեցակարգը՝ նկատի ունենալով Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրները և Հնդկաստանը։ Նախորդող շրջանում մյուս երկրների հետ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ էական եղավ նաև Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այս ուղղությունը նոր ակտիվություն կստանա 2026-2031 թվականների ընթացքում։ 

Նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական գործընկերություն կամ երկխոսություն կամ օրակարգ է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի, Նիդեռլանդների, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, ԵՄ–ի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի հետ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ Հայաստանը զարգացնելու է փոխշահավետ կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ»,-ասված է ՔՊ նախընտրական ծրագրում։  

  • Կիսվել: