ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
210.000 դոլար, բնակարան Խետաֆեում, հյուրանոցի սենյակ Բաթումում. Արսեն Ջուլֆալակյանի հայտարարագիրը

210.000 դոլար, բնակարան Խետաֆեում, հյուրանոցի սենյակ Բաթումում. Արսեն Ջուլֆալակյանի հայտարարագիրը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել է գույքի, եկամուտների, ունեցվածքի 2019 թվականի հայտարարագիրը։

Արսեն Ջուլֆալակյանը Երևանի կենտրոնում մեկ բնակարանի և մեկ հասարակական շինության սեփականատեր է, որոնցից մեկը նվիրատվությամբ ստացել է 2012-ին, իսկ մյուսը գնել է 2017-ին, անցյալ տարի վաճառել։ 2014-ին Ջուլֆալակյանը Գյումրիում հողամաս է նվեր ստացել, իսկ 2015-ի մարտին կնոջ հետ համասեփականատիրությամբ բնակարան գնել Իսպանիայում՝ Մադրիդի պրովինցիայի կազմում ներառված Խետաֆե քաղաքում։

2019-ին Ջուլֆալակյանը մոտ 310 հազար դոլարով վաճառել է Երևանի կենտրոնում գտնվող իր հասարակական նշանակության շինությունը։ Հայտարարագրում գործարքի մյուս կողմի տվյալները նշված չեն։ Ջուլֆալակյանն 2013-ին ձեռք է բերել Mercedes-Benz մակնիշի մեքենա, իսկ պատգամավոր դառնալուց հետո՝ 2019-ի հոկտեմբերին գնել է մեկ այլ Mercedes-Benz` 42.000 դոլարով։ 

Ջուլֆալակյանը 80.000 դոլարի փոխառություն է հանձնել Մխիթար Մելքոնյանին (վերջինս Երևանում սրճարանների սեփականատեր է), նաև 55.000 դոլարի փոխառություն ունի Orbi group Batumi-ի հետ։ Այս ընկերությունը հյուրանոցների կառուցմամբ ու շահագործմամբ է զբաղվում Վրաստանում։ Բացի սրանից՝ պատգամավորը 1 միլիոն դրամի չափով ավանդ ունի հայկական բանկում։ Դրամական միջոցները կազմել են 210.000 դոլար։

Ջուլֆալակյանի եկամուտները գոյացել են ԱԺ պատգամավորի աշխատավարձից՝ 8.7 միլիոն դրամ, 1.2 միլիոն դրամ՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մրցույթներից, ևս 1 միլիոն դրամ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նմանատիպ մրցույթից։

Արսեն Ջուլֆալակյանի կինը՝ Հերմինե Ղազարյանը համասեփականատեր է Խետաֆեի, Երևանի Կենտրոնի բնակարաններում և Գյումրիի հողամասում։ Ղազարյանը բանկում ունի 10.000 դոլարի և 2 միլիոն դրամի չափով ավանդ։

  • Կիսվել: